Home / Հայաստան / Ով մեզ զենք է ծախում, նա էլ բարեկամ է․ Եվրաքվեն Գյումրիում

Ով մեզ զենք է ծախում, նա էլ բարեկամ է․ Եվրաքվեն Գյումրիում

Հոկտեմբերի 4-ին Եվրաքվեի իրազեկման արշավը հասավ Գյումրի։ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողով հասցնելու համար անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն հավաքել մինչև նոյեմբերի 14-ը։

Այդ քանակի ստորագրություններ կստացվի ապահովել ոչ թե 60, այլ 30 օրում, վստահ է «Ազատ քաղաքացի» կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Ստորագրահավաքին մասնակցելու առավել ակտիվների շարքում են Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերը։

rally

Գյումրիում տիրող տրամադրություններին ծանոթանալու համար շրջեցինք կենտրոնական փողոցներով, տեսանկարահանեցինք արշավը, տարբեր արձագանքներ լսեցինք, որոնք ամփոփ ներկայացնում ենք պատրաստված տեսանյութում և տեքստում։

– Քըրքորյանի փողոցով գնանք, ակտիվ փողոց ա։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի՝ ստորագրահավաքին մասնակցելու հորդորին և դեպի Եվրոպա գնալու անհրաժեշտության մասին աջակիցների խոսքին տարեց մի կին արձագանքեց․

– Հասկանում եմ, գիտեմ․․․ Լավ մարդ է։

Երթը նկատած գյումրեցի երիտասարդներից մեկը մյուսներին բացատրում էր, թե ինչ է տեղի ունենում․

– Դեպի Եվրոպա են էլի գնում։

Սև հագուստով ու ակնոցով՝ սուրճի թղթե բաժակով տղամարդը հրաժարվեց մասնակցությունից․

– Нет, спасибо, у меня свой президент (Ոչ, շնորհակալություն, ես իմ նախագահն ունեմ)։

Երթի մասնակիցները, շարունակելով քայլել, մի քանի րոպե զավեշտական պատասխաններ էին հորինում․

– Его президент – Путин (Նրա նախագահը Պուտինն է)։

– Նրան, երևի, նշանակել են տենց բաներ ասելու, դե, ինքն էլ князь է (իշխան)։

ASargsyan

Տարեց մի կին․ – Սաղ Եվրոպան խուժանություն է։

– Բայց, տատիկ ջան, մենակ խուժանություն չէ, լավ բաներ էլ կան․․․

– Հեչ լավ բան էլ չկա, լավը մեր երկիրն ա։

– Ով որ մեզ զենք ա ծախում, նա էլ մեզ բարեկամ ա։

– Բա չէ, գնացեք Պուտինին գերի, դավա՛յ։

vegetable

Բանջարեղեն վաճառող տղա. – էս ի՞նչ հաշիվ ա։

Բացատրությունը լսելուց հետո․ – Հա՛, ջոգա։

Բուկլետը ստացածներից մեկը ժպիտով նկատեց․ – Դեպի Եվրոպա գնացինք, փրգվանք։

Քայլողների մեջ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին նկատած գյումրեցի կին․ – Օօօ՛, պարոն Մեհրաբյան..․ շատ սիրով։ Հենց հիմա ես ու ընկերուհիս գնում ենք ստորագրելու, շատ հարգում ենք ձեզ։ Ո՞վ կա, Խուրշուդյանը ստե՞ղ ա։ Ուզում եմ բոլորիդ տեսնել, շատ հարգում եմ։ Ուզում եմ ագիտացիա անեմ․․․ անում եմ ժողովրդի մեջ։

sargsyan-laugh

Երթը տեսնելով, ոմանք իրե՛նք էին տեղեկացնում․ – Գնում ենք՝ ստորագրենք։

– Ունենք, ունենք․ բուկլետ էլ ունենք, պուտյովկեն էլ, մնաց տոմսերի փողը․․․

Սուրճ գնելու համար կանգ առանք քաղաքի կենտրոնում տեղադրված կրպակի մոտ։ Հայերեն չխոսող ռուս աղջիկը ամերիկանո և կապուչինո պատրաստեց։

photo_2024-10-05_15-48-18

Արամ Սարգսյանին ընդառաջ դուրս եկավ «Ֆիջի» սալոնի աշխատակիցը, ներս հրավիրեց․

– Շնորհակալ եմ։ Քարոզարշավի եմ, ուրիշ անգամ։

Ընթացքում երթին միացավ նաև արթիկցի տղամարդ իր ռուս կնոջ հետ։

– Էս 15 տարի ա’ միացած ենք, ստորագրել ենք արդեն։ Տիգրան Խզմալյանը չի՞ եկել… Ռուսաստանից ենք, երկուսուկես տարի ա՝ ստեղ ենք։

– Հարգելի հայրենակիցներ, նկարվում ենք։

group-pic

Նախօրեին ստորագրությունների թիվը հասավ 33 500-ի։

Հոկտեմբերի 5-ին կազմակերպիչները հայտնում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրազեկման մասին․ «Նժդեհի հրապարակի ստորգետնյա անցումներից մեկի մոտ (Նժդեհի փողոցին հարող) նաև կտեղադրենք մեր հենակետը՝ պատկերազարդ ծածկով սեղանը։

Մեզ մնաց 16 500 ստորագրություն։ Շտապե՛ք միանալ, եթե ուզում եք մաս կազմել Հայաստանի պատմական որոշմանը՝ դառնալու Եվրամիության անդամ»: