ԱԱԾ ծառայողները այսօր մտել են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, դասի ժամանակ ձերբակալել և Քննչական կոմիտե տեղափոխել ֆիզիկայի ուսուցչին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հաղորդել են՝ դպրոցի աշխատակիցը հետապնդվում է «անառակաբարո արարք կատարելու» կասկածանքով։
Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով («անառակաբարո արարք կատարելը […] վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, […] հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ»):
Ուսուցիչը ձերբակալվել է, նրա հետ կատարվում են քննչական գործողություններ։ Աբրահամյանի խոսքով՝ քննիչը միջնորդելու է դատարանը, որ անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը։
Օպերացիան իրականացվել է ԱԱԾ-ի կողմից, քանի որ ըստ ընդունված պրակտիկայի՝ ձերբակալում է այն մարմինը, որը օպերատիվ տվյալների է տիրապետում։ Epress.am-ի տեղեկություններով՝ քրեական գործը առնչվում է անչափահաս մի աղջկա։
Քրեական օրենսգիրքը «անառակաբարո արարք կատարելը» (201-րդ հոդված) սահմանում է որպես չափահասի կողմից 16-ը չլրացած անձին (կամ անձանց) պորնոգրաֆիկ նյութեր տրամադրելը կամ ցուցադրելը/ նրա ներկայությամբ մերկանալը կամ սեքսուալ բնույթի որևէ գործողություն կատարելը/ 16-ը չլրացած անձի հետ «սեքսուալ բնույթի զրույցը» կամ «սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը»: Կոնկրետ ինչում է մեղադրվում ուսուցիչը՝ Քննչականից չեն ասում։
Մինչ այդ թիվ 20 դպրոցում սովորող աշակերտների ծնողները ահազանգում են՝ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ կատարելիս հաշվի չի առել երեխաների շահը։ Քաղաքացի Մարինա Ադուլյանը պատմել է՝ իր երեխան ֆիզիկայի դասին է եղել, ուժայինները ներխուժել են դասարան, ուսուցչին տապալել են գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։
«Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։ Լավ, ո՞նց։ Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։ Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։ Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել», – գրել է Ադուլյանը։
Հայտարարություն է տարածել նաև կրթության նախարարությունը․ «[ԿԳՄՍՆ-ն] մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները»։
Օմբուդսմենի գրասենյակը ուսումնասիրություն է սկսել․
«Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը»: