Forrights.am-ի խմբագրություն է ահազանգել Արմինե Մեհրաբյանը և տեղեկացրել, որ որդին առողջական խնդիրներով զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։
«Իմ տղան գեներալնի կամիսյա չի անցել, ոչ մի բուժզննում չի անցել։ <․․․> Տարել են Նուբարաշեն, այնտեղ վատացել է, տիրություն չէին արել, ուղարկեցին ինֆեկցիոն, տասը օր բուժվեց, մայրական խնամքի չտվեցին, միանգամից տարան զորամաս։ Հինգ ամիս ծառայելուց հետո 10 օրով տուն ուղարկեցին, տղաս անընդհատ ջերմում էր, դիմեցի Մուրացանի հոսպիտալ։
Պարզվեց, որ երկկողմանի թոքաբորբ է, հետո պարզվեց, որ փայծաղի ու երիկամների հետ կապված խնդիրներ կան։ Մինչ բանակ գնալը սրտի խնդիրներ ուներ, ասացին, որ զինկոմը ուղեգիր կտա, որ ստուգումների գնա, բայց դա էլ չարեցին։ Մուրացանում երկու ամիս բուժում ստացավ, դրանից հետո ուղարկեցին մայրական խնամքի, բայց էլի ջերմում էր, այդպես ուզում էին զորամաս ուղարկել։ Գնում եմ Մուրացանի հոսպիտալ, ասում եմ, որ ուզում եմ բժշկի հետ հանդիպել, բժիշկը հրաժարվում է, ասում է՝ ես իրեն տեսնելու բան չունեմ, թող գնա պետի մոտ, բժիշկը Իրինա Իվանովնան է։ Բուժքույերին ասում եմ ջերմաչափ տվեք, չափեմ, տեսեք, որ բարձ է, ասում են՝ չունենք ջերմաչափ։ Ես ինձ հետ տնից տարել էի, դնում եմ ջերմությունը ցույց է տալիս 37.2 աստիճան։ Ես ասում եմ՝ բուժեք էլի տարեք, բայց պատճառը գտեք՝ ինչու է ջերմում։
Փայծաղի հետ կապված ասում են, որ կտանեն Սիսիան, 15 օր հոսպիտալում կպահեն հսկողության տակ, բայց հաջորդ օրը տանում են զորամաս, իսկ երկու օր հետո հանում են դիրքեր։ Հիմա էլ է դիրքերում», – պատմել է մայրը։
Forrights.am-ը խնդրի մասին ահազանգել է Մարդու իրավունքերի պաշտպանին։ Կառույցը կապ է հաստատել զինվորի մոր հետ և գրություն ուղարկել Պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից պատասխանել են, թե զինվորն առողջական խնդիրներ չունի։
«Զինծառայողը ներկայում հոսպիտալացման անհրաժեշտոթյուն չունի, իսկ առողջական վիճակը բավարարում է զինվորական ծառայության ընդգրկվելու համար։ Զինծառայողը 2024 թվականի հունիսի 17-ին ընդունվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ ստացիոնար բուժման, ստացել է համապատասխան բուժում։ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին բուժզննում է անցել զորամասի բուժկետում, առողջական գանգատներ չի ներկայացրել։ Կատարվել է զարկերակային ճնշման, անոթազարկի, ջերմության չափում, որոնց տվյալները եղել են նորմայի սահմաններում», – նշված է նախարարության պատասխանում։
Արմինե Մեհրանյանը ասում է՝ որդին կաշկանդված է և չի կարող բարձրաձայնել խնդիրների մասին։ Նա պնդում է, որ տղան բուժման կարիք ունի։
Վերջին տարիներին իրավապաշտպանները ահազանգում են բանակային միջադեպերի էական աճի մասին, որը պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ։ Խնդիրներ կան նաև բուժզննության հետ կապված, ըստ ահազանգների՝ զինկոմիսարիատները հակված են պիտանի ճանաչել նաև խնդիրներ ունեցող զինվորներին։
Տարեսկզբին առողջական խնդիրների պատճառով առնվազն երկու հոգի է մահացել։ 19-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատների փոխանցմամբ, զինկոմիսարիատը հրաժարվել է երկարաձգել նորակոչիկի տարկետումն ու ուղարկել է հավելյալ, սրտի համար վտանգավոր հետազոտությունների։ Այդ հետազոտություններից հետո Էրիկը մահացել է սրտի կաթվածից։ Հունիսին էլ Քննչականից հաղորդել են, թե «շարքում կանգնած ժամանակ» հանկարծամահ է եղել 19-ամյա զինծառայող Դավիթ Ներսիսյանը։