Թուրքիայում վերջին ամիսներին կանանց նկատմամբ հետապնդումների ու կնասպանությունների դեպքերը բողոքի ալիք են բարձրացրել։ Տարբեր քաղաքներում կազմակերպվող երթերի ու ակցիաների մասնակիցները պահանջում են օրենսդրական փոփոխություններ մտցնել կանանց նկատմամբ բռնության դեպքերի անպատժելիության դեմ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է խստացնել օրենսդրությունը։
Կնասպանության դեպքեր Թուրքիայում հաճախ են լինում, գրում է Politico-ն։ Այս տարի երկրում արդեն 300 կանանց են սպանել։ Ցուցարարները իշխող Արդարության ու զարգացման կուսակցությանը մեղադրում են կանանց անվտանգության ապահովման թերացման մեջ և դատապարտում են Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու քաղաքականությունը։
Անցյալ շաբաթ 19-ամյա մսագործը սպանել էր Իկբալ Ուզուներին ու ինքնասպան եղել։ Կնոջ մոր ներկայությամբ կտրել էր գլուխն ու նետել Ստամբուլի պատմական քաղաքային պատից այն կողմ։ Նույն օրը մսագործը սպանել էր ևս մեկ երիտասարդ կնոջ՝ Այշենուր Խալիլին։
Դրանից օրեր առաջ, սեպտեմբերին, սպանվել էր 26-ամյա կին ոստիկանը։ Մեղադրյալը նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր։
Հոկտեմբերի 9-ին նախագահ Էրդողանն իր կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Վերջին իրադարձությունների շարքը՝ կին ոստիկանի ու երկու երիտասարդ կանանց դաժան սպանությունները, արդար արձագանք են առաջացրել մեր երկրում։ Մեզ անհանգստացնում է, որ տասնյակ քրեական գործերով դատապարտված հանցագործներն ազատության մեջ են»։ Էրդողանը խոստացել է խստացնել սահմանվող պատիժներն ու դադարեցնել դատապարտյալներին վաղաժամ ազատ արձակման պրակտիկաները։
Բողոքի ակցիաների մասնակիցները թերահավատորեն են վերաբերվում նախագահի խոստումներին։ Էրդողանը 2021 թվականին որոշում է կայացրել դադարեցնել Թուրքիայի անդամակցումը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման Ստամբուլյան կոնվենցիային։ Նախագահն այն ժամանակ հայտարարել էր, որ Կոնվենցիայի որոշ դրույթներ վտանգ են ներկայացնում ավանդական արժեքների համար։
«Մենք կկանգնացնենք ֆեմիցիդը» շարժումը հայտնում է, որ միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 34 կին, ևս 20-ը նույն ամսվա ընթացքում մահացել են կասկածելի հանգամանքներում։
Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիային միացել է 2018 թվականին, բայց մինչ օրս չի վավերացրել այն։ 2019 թվականին երկրում ակտիվորեն քննարկվում էր վավերացման հարցը։ Ինչպես և շատ այլ երկրներում, Հայաստանում ևս Կոնվենցիայի ընդդիմախոսները պնդում էին, թե այդ փաստաթուղթն ուղղված է հայկական ավանդույթներն արմատախիլ անելուն, «երրորդ սեռ» սահմանելուն, նույնասեռ անձանց կողմից երեխաներ որդեգրելուն և այլն։ Կոնվենցիան վավերացնելու կողմնակիցները նշում էին, որ իրականում դրա համաձայն, պետությունը պարզապես պետք է պատասխանատու լինի կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և բռնություն կատարողին պատասխանատվության ենթարկելու համար: