«Առավոտ». Ռուսաստանը շահագրգիռ չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ
«Առավոտի» հետ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության մասին է խոսել «Զարգացման և համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան:
«Չեմ կարծում, թե Ռուսաստանը շահագրգիռ է ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմամբ` անկախ այն բանից, թե դա, պայմանականորեն ասած, ում օգտին կարող է լինել: Ռուսաստանի համար ամենաշահավետը առկա իրավիճակի պահպանումն է, երբ կարելի է զենք տալ և մեկ, և մյուս կողմերին, հետո դրանք արդիականացնել, պահեստամասերը փոխել և այլն:
Ուստի չեմ կարծում, թե ՌԴ շահերի շրջանակում է ներդրում ունենալ ԼՂ հարցի հանգուցալուծման կամ կշեռքի ակնհաւտ ծանրության կենտրոնը որևէ մեկի կողմը թեքելը: ՌԴ-ն կփորձի զսպել Ադրբեջանին և չնպաստել այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որ Ադրբեջանը լուրջ հնարավորություններ ստանա` Հայաստանի կամ Ղարաբաղի հետ ռազմական բախման դեպքում հաջողության հասնելու համար: Փոխարենը վստահ եմ, որ տարածաշրջանում անորոշության ու լարվածության պահպանման, նաև անվտանգության միասնական համակարգ ձևավորելու հեռանկար թույլ չտալու ուղղությամբ ՌԴ-ն կաշխատի բոլոր` քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ու նաև ռազմական միջոցներով»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Վրաստանի «Զարգացման և համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան: