«Հայկական ժամանակ». Կդառնա՞ Սերժ Սարգսյանի եղբայրը ԵՊՀ ռեկտոր
Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել ժամկետից շուտ, գրում է օրաթերթը:
Նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտադրություն ունի Սերժ Սարգսյանի եղբայրը` ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը: Ըստ նույն աղբյուրների` Սերժ Սարգսյանը դժգոհ է ԵՊՀ գործող ռեկտորից: Նշենք, որ Արամ Սիմոնյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ կանոնադրության` համալսրանի խորհուրդն իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել: Արամ Սիմոնյանը, սակայն, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ իր լիազորություններից վաղաժամ հրաժարվել: «Առայժմ լիազորություններս վայր դնելու մտադրություն չունեմ»,- ասել է նա: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ԵՊՀ հաջորդ ռեկտորի ամենահավանական թեկնածուն Լևոն Սարգսյանն է, Արամ Սիմոնյանն ասել է. «Ես` առանց կոմենտարիաների, որովհետև ես ասում եմ. այդ բոլորը խոսակցություններ են, որոնք խանգարում են մեր հիմնական գործին: Կգա ժամանակը, կհայտնվեն թեկնածուները, խորհուրդը թեկնածուների միջից կընտրի ամենաարժանավորին, և նա էլ կլինի ռեկտոր»: