2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Առևտրականները քաղաքապետարանից խնդրել են իրենց տեղ հատկացնել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ

Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները երեկ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի առաջատար մասնագետ Արման Հովհաննիսյանի հետ շրջում էին պողոտային հարող տարածքներում` առևտուրն իրականացնելու համար հարմար վայր ընտրելու նպատակով:

Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը առաջարկել էր առևտրականներին շարունակել աշխատանքը Մալաթիայի շուկայում, սակայն Epress.am-ի հետ զրույցում վերջիններս նշել են, որ մեծ շուկաներում առևտուր չի լինում և իրենք կարծում են, որ դա իրենց համար այնքան էլ հարմար տարբերակ չէ:

Բացօթյա առևտուր իրականացնող քաղաքացիների հետ այս հարցը քննարկելուց հետո Երևանի քաղաքապետարանի մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ Մալաթիա շուկայում տեղ կա, և խոստացել է հաջորդ օրը, այսինքն` արդեն այսօր,  առևտրականների  հետ  միասին գնալ շուկա և այնտեղ  նրանց համար տեղ գտնել: Սակայն խոստումը կյանքի չկոչվեց: Ինչպես մեզ հայտնեցին բացօթյա առևտուր իրականացնողները, քաղաքապետարանի աշխատակիցն այսօր այդպես էլ իրենց չի այցելել:

Առևտրականները նշեցին, որ վստահ էին, որ նա չի գալու, քանի որ առաջին անգամ չէ, որ պաշտոնյաները իրենց խոստումը չեն կատարում: Առևտրականները տեղեկացրեցին նաև, որ վաղը պատրաստվում են դիմում տանել քաղաքապետարան, որով առաջարկելու են իրենց համար տեղ հատկացնել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքևի հատվածում` պաղպաղակ վաճառողների կողքին: