Home / Հայաստան / «Ժառանգության» պատգամավորը չգիտի` որ ընդդիմության հետ է երկխոսում իշխանությունը

«Ժառանգության» պատգամավորը չգիտի` որ ընդդիմության հետ է երկխոսում իշխանությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհգաղափարներ դավանող անհատների և քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում:

Այս մասին ասել է ԲՀԿ ներկայացուցիչ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման շարջանակներում:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես ասել է, որ քաղաքական ուժերը, որոնք, վստահ եմ, բոլորն էլ շահագրգիռ են ավելի բարեկեցիկ, ավելի բարգավաճ Հայաստան ունենալու համար, կարող են մի կողմ դնել տարաձայնությունները, որոնք չպիտի խանգարեն երկխոսությանը», – հայտարարել է Զոհրաբյանը:

Վերջին շրջանում պատգամավորը քաղաքական բևեռների միջև տրամադրությունների մեղմացում է նկատել, ինչը ողջունելի է ԲՀԿ-ի համար:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը համաձայնել է գործընկերոջ հետ` նշելով, որ իրական երկխոսությունը նպաստավոր է, եթե, իհարկե, չկան իմիտացիոն գործընթացներ:

«Ցավոք սրտի, մինչև այժմ մենք բացառապես իմիտացիոն գործընթացների հետ գործ ունենք: Չի կարող լինել երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև, եթե, իսկապես, ընդդիմությունը չի մասնակացում երկրի կարավառման համակարգին և օրենքներով երաշխավորված չէ մասնակցությունը: Չի կարող լինել երկխոսություն, որի նպատակը հասարակությունից գաղտնի է պահվում», – մասնավորապես, ասել է պատգամավորը:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է նաև, որ Սահմանադրությամբ սահմանված կառույցներն իրենց գործառույթները չեն իրականացնում, ինչի փոխարեն «ինչ-որ Հանրային Խորհուրդ է ձևավորվում, որը հասարակության առջև որևէ պատասխանատվություն չի կրում»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` հայաստանյան տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանն, ապա պատգամավորն այն կարծիքին է, որ դրանք ընդամենը հերթական «գալոչկան» դնելու համար էին կազմակերպվել:

«Չեմ կարող ասել, թե իշխանությունը որ մի ընդդիմության հետ է երկխոսում, որովհետև ընդդիմությունն ինքը բազմաճյուղ է», – ասել է պատգամավորը: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ 1991 թվականից հետո Հայաստանի իշխանությունը չի փոխվել:

«Ընդամենը դեմքերի փոփոխություն եղավ, բայց բովանդակային առումով իշխանափոխություն, որն ընտրությունների միջոցով ընդդիմությունը գալիս է, հաղթում է և դառնում է իշխանություն, նմանատիպ երևույթի մենք դեռ ականատես չեղանք: Երբ ընդդիմությունն ազնիվ ընտրությունների միջոցով գալիս է իշխանության, դրանից լավ երկխոսություն գոյություն չունի», – եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը:

Tekali Taxi