Home / Հայաստան / «Ողջամիտ դատական ծախսեր». Հայաստանում առաջարկում են հետևել Եվրոպական դատարանի սկզբունքներին

«Ողջամիտ դատական ծախսեր». Հայաստանում առաջարկում են հետևել Եվրոպական դատարանի սկզբունքներին

Լրատվամիջոցների դեմ պատվի, արժանապատվության և  գործարար համբավի  պաշտպանության համար ներկայացվող դատական հայցերի թիվը 2011 թվականին գնալով ավելանում  է։ 2010 թվականին ընդունված օրենքը, որը սահմանվում է որպես քաղաքացու պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանություն, մեծ կիրառություն է սկսել ստանալ հատկապես վերջերս, երբ

պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորողի դերում հանդես են գալիս լրատվամիջոցները, իսկ վիրավորվողի` քաղաքական գործիչները։
Ուշագրավ միտում է նկատվում նաև փոխհատուցման չափերի հետ կապված։

Սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, իսկ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույնաշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Քաղաքական գործիչները որպես փոխհատուցում հիմնականում պահանջում են տուգանքի առավելագույն չափեր։
Ահա վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ դատական գործերի հայցերն ու պահանջները.
Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի զրպարտության համար, փոխհատուցման պահանջը՝ ավելի քան 6 միլիոն դրամ։

Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի վիրավորանքի և զրպարտության համար, պահանջը՝ 6 միլիոն դրամ։
Ռոբերտ Քոչարյանի  հայցն ընդդեմ «Հրապարակ» թերթի վիրավորանքի և զրպարտության համար, պահանջը՝ 6 միլիոն դրամ։
ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի վիրավորանքի և զրպարտության համար՝  3 մլն 568 հազարդրամի փոխհատուցման պահանջով։
Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի` վիրավորանքի համար . պահանջում է 3 մլն դրամ։
Հայաստանի «Առիթմոլոգիական Սրտաբանական Կենտրոնի» հայցն ընդդեմ  «News.am»-ի զրպարտության համար, պահանջը՝  2մլն դրամ։
Դատական գործերը ուսումնասիրելիս` նկատում ենք նաև, որ ոչ միայն պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության համար են պահանջվում տուգանքի առավելագույն չափեր, այլ նաև  դատական ծախսերի համար։
Փաստաբանական  ծառայությունների և դատական ծախսերի համար օրենքում նշված է, որ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները` ներառյալ ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ողջամիտ դատական ծախսերը դուրս են գալիս «ողջամտության» սահմաններից և դատական ծախսերի համար պահանջվող գումարի չափերը ևս հասնում են միլիոնների:

Ըստ իրավաբան Արա Ղազարյանի՝ այստեղ կա շատ կարևոր մի խնդիր. նույն թերթը մի քանի անգամ տուգանվելուց հետո ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը։
Նման վտանգից  խուսափելու համար կարևոր է հաշվի առնել Եվրոպական Դատարանի սկզբունքները։
Իրավաբանի խոսքով` դատավորները որոշում կայացնելիս պետք է հիշեն  հետևյալ սկզբունքը. «Արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահման դեպքերում դատարանի կողմից սահմանվող փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը հասցված վնասին»։
Քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն մյուս սկզբունքը. «Քաղաքական գործիչները պետք է առավել  հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ: Քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ քննադատության շրջանակները»։

Տեքստը` Լիաննա Գալստյանի

Tekali Taxi