Home / Հայաստան / Վարչապետի խոսքով` կառավարությունը շարունակում է պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ

Վարչապետի խոսքով` կառավարությունը շարունակում է պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որն անհետաձգելի է համարվել և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Առաջարկվում է վերացնել ամուսնության պետական գրանցման ոլորտում տարածքային պատկանելիության սահմանափակումը` թույլ տալով նաև շրջանների բնակիչներին ամուսնության պետական գրանցում կատարել Երևան քաղաքի ՔԿԱԳ գործակալության «Ամուսնության պալատ» տարածքային բաժնում:

Նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է ՀՀ Նախագահի այն հանձնարարականը, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում բարձրացնել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը։

«Վերջին շաբաթների ընթացքում ընդունվել են արմատական որոշումներ, – ասել է նա։ – Խոսքը վերաբերում է ոչ միայն անձնագրերի տրամադրման կարգին, որտեղ հաջողություն կա, այլ նաև վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման ոլորտում։ Այս ծառայությունից տարեկան օգտվում է 300 հազար, վարորդական իրավունք է ստանում առնվազն 50 հազար քաղաքացի։ Մեքենաների հաշվառման գործառույթում տարեկան 170 հազար քաղաքացի է ներգրավվում։ Հասկանալի է, որ եթե այս բնագավառում մեր կողմից մատուցվող ծառայություններն անորակ լինեն և կոռուպցիոն ռիսկեր պարունակեն, մեր նկատմամբ վստահություն չի լինի։ Այսօր քննարկվող հարցը վերաբերում է տարեկան 70 հազար քաղաքացու։ Այդքան մարդ օգտվում է այս ծառայությունից։ Ներկայացված առաջարկը վերացնում է կոռուպցիայի օբյեկտիվ հիմքերը, բայց, միևնույն է, վարչարարության առումով անհրաժեշտ է, որպեսզի նախարարներն այս խնդիրը պահեն իրենց անձնական հսկողության տակ։ Ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է խստագույնս պատժվի, հակառակ դեպքում այս որոշումներն իրենց բուն նպատակին չեն ծառայի։ Մոնիտորինգը, որ իրականացնում են երիտասարդները, շարունակվում է։ Նրանք գնում են և օգտվում այս ծառայություններից, այնուհետև իրենց հաշվետվության մեջ նկարագրում, թե որտեղ, որ փուլում օրենքից շեղում կա, որտեղ կաշառք են պահանջում, ինչքան է այդ կաշառքի չափը, ինչպիսի արհեստական քաշքշուկներ են ստեղծվում»։

Tekali Taxi