2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Հայաստանյան» կապիկներն ու թութակները կբնակվեն Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգում

Սանկտ Պետերբուրգի Լենինգրադյան կենդանաբանական այգին մշտական բնակության կվերցնի Հայաստանից ապօրինաբար Պետերբուրգ տեղափոխված էկզոտիկ կենդանիների և թռչունների մի խումբ: Կենդանիները Սանկտ Պետերբուրգ են բերվել մաքսանենգների կողմից:

Ինչպես հայտնում են օպերատիվ մաքսայինի ծառայության մամուլի գրասենյակից, Շմիդտի 4 կարմրապոչ կապիկներին ու 10 Ժակո թութակներին մաքսայինները օդանավակայանում առգրավել էին Հայաստանի քաղաքացուց դեռ 2009 թվականին: Նա թռչում էր «Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան» չվերթով և մաքսային ծառայության աշխատակիցներին հայտարարել էր, որ իր մոտ հատուկ գրանցման ենթակա ոչ մի իր չունի:

Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ տղամարդն իր հետ կենդանիների խումբ է տանում: Կապիկներն ու թութակները դեղորայքի ազդեցության տակ քնի վիճակում են գտնվել երկհարկ մետաղական վանդակում, որը փաթաթված է եղել պոլիէթիլենային պայուսակի մեջ:

Տղամարդու մոտ բացակայում էին դեպի Ռուսաստան կենդանիների և թռչունների առաքում թույլատրող փաստաթղթերը:

Կենդանիների պաշտոնական հանձնումը կենդանաբանական այգուն տեղի կունենա հուլիսի 8-ին: