Գարեգին Բ-ն, բռունցքները սեղանին հարվածելով, պահանջել է բավարարել իր պահանջները
Ռուսաստանում գտնվելու ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, բռունցքները սեղանին հարվածելով, վրացական կողմից պահանջում էր բավարարել հայկական կողմի պահանջները: Այս մասին «Պալիտրա» ռադիոկայանի «Կենտրոն» հաղորդման եթերում հայտարարել է Վրաստանի ուղղափառ եկեղեցու Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Զենոնը:
«Բոլորին հայտնի է վրացական ուղղափառ եկեղեցու հանդեպ նրա վերաբերմունքը: Ռուսաստանում նման դեպք է գրանցվել. Գարեգին Բ-ն ռուսաստանյան պատվիրակության ներկայությամբ, բռունցքները սեղանին հարվածելով, պահանջել է բավարարել հայկական կողմի պահանջները: Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաց եկեղեցու պատվիրակությունը»,- պատմել է հայր Զենոնը:
Նրա խոսքով` վրացական և հայկական եկեղեցիների միջև հարաբերությունները սրվել են հենց հայկական կողմի արտահայտություններից հետո:
«Մի քանի տարի առաջ, երբ Վրաստանի պատրիարքության և այլ կրոնների ներկայացուցիչների միջև հուշագիր ստորագրվեց, մենք պայմանավորվեցինք, որ եկեղեցիներին կարգավիճակ շնորհելու հարցն ու այլ խնդիրներ միասին կքննարկենք: Իսկ այժմ ստացվում է, որ հայկական կողմի պահանջները միակողմանի են բավարարվել. նրանց կարգավիճակ է տրամադրվել, այժմ նրանք կարող են և սեփականության վերաբերյալ պահանջներ առաջադրել: Փաստացիորեն, այս ողջ լարվածությունը հայկական կողմի գործողություններով է պայմանավորված: Ոչ մի նորմալ երկրում հարց չի ծագում` արդյոք մարդ պետք է ունենա, թե չպետք է ունենա սեփականություն. մարդ պետք է ունենա սեփականություն, սակայն նա պետք է տիրապետի այն սեփականությանը, որն իրավամբ իրեն է պատկանում»,-հայտարարել է հայր Զենոնը:
Նրա խոսքով` վրացական իշխանությունների դիրքորոշումը հայակական եկեղեցու հանդեպ ընդհանուր առմամբ անհասկանալի է:
«Հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հայկական եկեղեցուն տրամադրվող այս աջակցությունը, այն դեպքում, երբ Հայաստանը չի ընդունում փախստականների վերադարձի մասին ՄԱԿ-ի բանաձևը»,- նշել է հայր Զենոնը: