2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երևանի փողոցները փակ են. որոնում են ծանր հանցագործություն կատարած անձանց (թարմացված)

Այսօր առավոտվանից Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում կանգնած են եղել զրահաբաճկոններով և ավտոմատներով զինված ոստիկաններ: Նույն հանդերձանքով և նույնպես զինված էին ճանապարհային ոստիկանները: Մի քանի փողոցներ փակ էին, մեքենաների մուտքն այդ փողոցներ արգելված էր:

Epress.am-ի հարցին ի պատասխան Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը նշել է, որ  «ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց վնասազերծելու նպատակով` քաղաքում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում»:

Արմեն Մալխասյանն առայժմ այլ մանրամանսեր չի հաղորդել:

Մեր տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած հանցագործության վայրից զինված հանցավոր խումբը փախուտի է դիմել, և որոնողական աշխատանքները շարունակվում են մինչ այս պահը: Չճշտված տեղեկություններով, ուժայիններին հաջողվել է որսալ հանցագործության մասնակիցներից մեկին:

Նշենք, որ այս պահին Մյասնիկյանի պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում, վթարի ենթարկված Mercedes մակնիշի մեքենա կա, որի շուրջ հավաքվել են ոստիկաններ: Դեպքի վայրում նաև դիակ է ընկած եղել: