Արտահերթ ընտրություններն արդեն սկսվել են. Փաշինյան
Արտահերթ նախահական և խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մեկնարկել են երեկ երեկոյան: Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ ընտրությունը կայանում է տան փափուկ բազկաթոռների և Ազատության հրապարակի միջև: Մինչև հիմա ընտրել ենք բազկաթոռը և ունենք այն, ինչ ունենք` ավազակապետություն: Մեզ չի հետաքրքրում, թե ով կընտրվի նախագահ կամ կընդգրկվի խորհրդակաում մեզ հետաքրքրում է, թե ով կընտրի», - ընդգծել է ընդդիմադիր գործիչը:
Նրա խոսքով` ընտրությունը պետք է կատարի ժողովուրդը:
«Մենք պայքարում ենք այ սրա համար», - ասել է Փաշինյանը` ձեռքում թափահարելով ՀՀ Սահմանադրությունը և ընթերցելով Սահմանադրության առաջին երկու հոդվածները.
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Փաշինյանը նշել է, որ վերջինս չի համապատասխանում իրականությանը:
«Մենք պայքարում ենք նրա համար, որ դա իրականություն դառնա», - ասել է նա: