2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Մի՞թե Թուրքիան չի ամաչում Դինքի խոսքերն իր օգտին օգտագործել. Թուրքահայերի հայտարարությունը

Եթե ժխտումը հանցանք չէ, այդ դեպքում տարիներ շարունակ ի՞նչ հանցագործություն է իրականացրել Թուրքիան, ասված է Թուրքիայում բնակվող մի շարք հայտնի հայերի կողմից արված համատեղ հայտարարության մեջ:

«Ազատությունների դրախտ հանդիսացող մեր երկիրը կրկին միավորվում է, այս անգամ` խոսքի ազատության համար»,- նշում են հայտարարության հեղինակները` ակնարկելով, որ երեկ Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո թուրք քաղաքական գործիչները միաբերան հայտարարում են, որ այդ որոշումը հակասում է խոսքի ազատ արտահայտման իրավունքին:

«Եթե խորհրդարանի իրավասության մեջ չի մտնում պատմության վերաբերալ բանաձև ընդունելը, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք չենք կարող ոչինչ ակնկալել Թուրքիայի Խորհրդարանից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Եթե քաղաքական գործիչները իրավասու չեն պատմության վերաբերյալ հարցեր որոշել, այդ դեպքում, ինչո՞ւ էինք մենք այդքան ոգևորված Դերսիմի դեպքերի մասին խոսում:

Այդուհանդերձ, այս անգամ օրենքը` ֆրանսիական օրենքը, մի բան էլ առաջ է անցել, այն, Ցեղասպանության ճանաչումից բացի, արգելում է նաև դրա ժխտումը:

Սա Թուրքիային հնարավորություն է տալիս թաքցնել իր ժխտողական մտածողությունն ու անարդար դիրքորոշումը լեգիտիմության բարակ քողի տակ:

Ակնհայտ է, որ մենք բոլորս էլ համաձայն ենք, որ Ցեղասպանության հերքումը չպետք է պատժվի:

Բայց մի՞թե դա նշանակում է, որ մենք հավատում ենք, որ մերժումը բարոյական հանցանք չէ:

Մի՞թե Թուրքիան չի պահանջում Ցեղասպանությունը ժխտելու իր իրավունքը:

Մի՞թե դա մերժելու «իրավունքի» ճոխությունը շարունակելու ցանկություն չէ:

Արդյոք այն, ինչ 2006-ին Թուրքիայի պատվիրակության 9 ներկայացուցիչներ,  այդ թվում` Հրանտ Դինքը և Ռաջիփ Զարաքօլուն վիճարկում էին Ֆրանսիայում, նույն բանն է, ինչ վիճարկում է այսօր Թուրքիան:

Մ՞իթե Թուրքիան չի ամաչում, երբ օգտագործում է Հրանտ Դինքի խոսքերն ի օգուտ իրեն:

Ժխտողական քաղաքականությունը շատ հանցագործությունների է հանգեցրել 1915-ից հետո, այդ թվում` ճանապարհ հարթելով Հրանտ Դինքի սպանության համար:

Մերժումը, որը ստիպում է Ցեղասպանության զոհերին կրկին ու կրկին նույն ցավն ապրել, նոր բռնության վտանգ է պարունակում իր մեջ և միայն հենց այդ պատճառով դա հանցագործություն է:

Այդուհանդերձ, եկեք Ֆրանսիային հանգիստ թողնենք: Շատ լավ, միգուցե Ֆրանսիան սխալ է վարվում, նրա նպատակները լավը չեն: Բայց Թուրքիան ի՞նչ է պատրաստվում անել»,-  ասված է թուրքահայերի համատեղ հայտարարության մեջ, որին միացել է նաև Հրանտ Դինքի որդին` Արատ Դինքը, ինչպես նաև մի շարք անվանի մարդիկ:

Նշենք, որ հայտարարության հեղինակները նկատի ունեն Հրանտ Դինքի` 2006 թվականի հոկտեմբերին արած այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է գնալ Ֆրանսիա և դեմ արտահայտվել ցեղասպանությունների ժխտելը քրեականացնող օրինագծին, եթե այդ երկրի խորհրդարանն քվեարկի օրինագծի օգտին: Դինքի կարծիքով` դա հակասում է խոսքի ազատությանը: