2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«էրոտիկան թողնենք». Ոստիկանապետին դուր են գալիս բոլոր կուսակցությունները

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դուր են գալիս հայաստանյան բոլոր կուսակցությունների ծրագրերը: Այս մասին նա ասել է «Հրապարակ» թերթի հետ զրույցում:

«Եթե մեծ հաշվով մենք նայենք բոլորի ծրագրերին, մի քիչ աջ, մի քիչ ձախ, բայց միևնույն ծրագրերն են, այնպես որ սիրել-չսիրելու խնդիր չկար», - ասել է Գասպարյանը:

Հարցին, թե նախընտրական շրջանում ոստիկանապետ նշանակվելն արդեն վկայում էր այս ընտրություններում իր ակտիվ դերակատարման մասին, առավել ևս, որ, մեղմ ասած, ԲՀԿ-ին չի սիրում, Գասպարյանը պատասխանել է. «Եկեք էրոտիկան թողնենք մի կողմ` ում ենք սիրում, ում չենք սիրում: Եթե սիրելու խնդիր կա, ես սիրում եմ իմ հայրենիքը և ուզում եմ իմ երկրում ամեն ինչ լինի ըստ պատշաճի: Ինչ ա նշանակում այս կամ այն կուսակցությանը չսիրել»:

Ոստիկանությունը, Գասպարյանի խոսքով, ապաքաղաքական կառույց է, իսկ ինչ վերաբերում նախընտրական շրջանում իր ակտիվությանը, ապա, ըստ ոստիկանապետի, ցանկացած ընտրությունների ժամանակ ոստիկանության դերակատարումը շատ լուրջ է, քանի որ այն կապված է տարբեր բնույթի իրավախախտումների հետ` սկսած ցուցակների ճշգրտումից, թեկնածուների անվտանգությունից, տեղամասերի անվտանգությունից:

Անդրադառնալով ոստիկանական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին` Գասպարյանը դրանք դրական է համարել. «նախկինում կատարված հանցագործություններ են բացահայտվում»:

«Օրերս մեկ աղմկահարույց սպանություն ևս կբացահայտվի», - ասել է ոստիկանապետը: