2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանի սահմանը հատած Ալիևին վերադարձրել են Ադրբեջանին. նա խուլուհամր չէ

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այսօր ադրբեջանական կողմին են հանձնել նոյեմբերի 12-ի առավոտյան Տավուշի մարզի հատվածում սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի, 40-ամյա Թելման  Ջավանշիրօղլու Ալիևին: Հանձնումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում:

Հանձնումից առաջ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ալիևին և ստուգել  նրա առողջական վիճակն ու այն պայմանները, որորնցում նա պահվում էր: Կազմակերպությունը նաև կապ էր ապահովում Ալիևի և նրա հարազատների միջև:

Հիշեցնենք, որ քաղաքացին մոլորվել էր և, չիմանալով ճանապարհը, անցել էր սահմանը:

Ավելի վաղ ադրբեջանական Trend գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, հայտնել էր, որ Ալիևը խուլուհամր է: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, այսօր ասել է, որ ադրբեջանական կողմի պնդումն իրականությանը չի համապատասխանում:

«Դժվար է ասել, թե որն էր նման պնդման նպատակը, մեր մասնագետները հաստատել են, որ նա որոշակի խնդիրներ ունի, բայց խոսքը լիակատար խուլուհամրության մասին չէ», - ասել է խոսնակը: