2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Լևոն Բարսեղյանի մեքենան ջարդել ու կողոպտել են. սա առաջին հարձակումը չէ

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը:  Հարձակվողները կոտրել են մի քանի սարք և գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Այս մասին հաղորդում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը՝ նշելով, որ պատճառվել է նյութական շոշափելի վնաս, ոստիկանությունը քրեական գործ է հարուցում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառում, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է, սակայն հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի և աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008 թվի մարտի 21-ի գիշերը հրկիզվեց Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը փորձեցին  հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացան այրել միայն պատուհանը: Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված: