2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ստոմատոլոգների վատ կանխատեսումներն արդարացել են. նրանք այլևս չեն պայքարում

Ստոմատոլոգների խնդիրը չի լուծվել, բայց նրանք դադարեցրել են իրենց աշխատանքին վնասող նոր օրենքի դեմ պայքարը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ատամնաբույժ Արմեն Վերդիյանը:

«Մենք հույս չունենք, որ այս իշխանության օրոք ինչ-որ բան կփոխվի, մեզ կսլեն, կընդառաջեն: Եթե ինչ-որ դրական փոփոխություն լինի, ապա միայն համակարգային իշխանափոխությունից հետո»,- ասել է Վերդիյանը:

Հիշեցնենք, որ ստոմատոլոգները բողոքում էին «Արտոնագրային վճարների մասին» օրենքից, որի համաձայն՝ նրանք յուրաքանչյուր բոռ-մեքենայի համար ամսական 80-ից 100 հազար դրամ են վճարում: Ստամատոլոգները անցկացրել են բազում բողոքի ակցիաներ՝ մտավախություն հայտնելով, որ օրենքը կկաթվածահարի ամբողջ ոլորտի աշխատանքը, շատ կլինիկաներ կփակվեն:

Վերդիյանն ասել է, որ օրենքն արդեն 5-րդ ամիսն է՝ գործում է, և իրենց կանխատեսումներն արդարացել են. շատ որակյալ մասնագետներ փակել են կլինիկաները, մեկնել են արտերկիր՝ հիմնականում Ռուսաստան:

Վերդիյանի խոսքով՝ իրենք միանգամից երկու հարված են ստացել:

«Բացի աբսուրդային օրենքից, քչացել է նաև ստոմատոլոգներին դիմողների թիվը: Մարդիկ փող չունեն ատամ սարքելու: Լուրջ գործեր համարյա չենք անում: Կամ գալիս են պլոմբ դնելու, կամ ատամ հանելու»,- ասել է մեր զրուցակիցը:

Նա հիշեցրել է պետական որոշ պաշտոնյանների հնչեցրած դիտարկումները:

«Մասնավորապես, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը իբր վախեցնում էր ու խոսում կոռուպցիայից՝ ասելով, թե ստոմատոլոգները ստորագրում են ու աշխատավարձը չեն վերցնում: Իբր դա նորություն է: Հիմա էլ է այդպես: Դա մեր մեղքով չէ, դա իրենց ստեղծած համակարգից է»,- ասել է Վերդիյանը:

Ատամնաբույժը նաև նշել է, որ  օրենքի պաշտպանաությամբ զբաղվող ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը սխալ մաթեմատիկական հաշվարկներ է արել՝ ասելով, թե «2700 դրամը ի՞նչ է ատամնաբույժի համար»: Վերդիյանի խոսքով՝  բոլոր ավելացված ծախսերն ավելացնում են օրական 15000 դրամ հարկ:

Վերդիյանի խոսքով՝ պետություն ամեն ինչ անում է՝ հարկերը բարձրացնելու համար, իսկ մասնավորապես, այն, որ տարբեր տիպի ատամնաբուժական աշխատանքներ ստիպված պետք է կատարել տարբեր աթոռների մոտ, պայմանավորված է ոչ թե  սանիտարահիգենիկ լավ պայմաններով, այլ միայն նրանով, որ երկու աթոռ ունենալը և արտոնագիր ստանալը  ատամնաբույժի համար պարտադիր դառնա: