2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատամատիկները փակելու են ականջները, որ չլսեն հրապարակում հնչող «ոռնոցը»

Վաղ առավոտից Հանրապետության հրապարակի հարակից այգում հավաքված ազատամարտիկները, ովքեր բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն  իրենց ձերբակալված ընկերոջ, պահանջում են, որ Պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը աշխատանքից ազատի երեկ նրա ձերբակալության մասին արված հայտարարության հեղինակին և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկի՝ սուտ ինֆորմացիա տարածելու ու դեպքերը սուտ ներկայացնելու համար: Այս մասին ազատամարտիկներն ասել են Epress.am-ի թղթակցի հետ զրույցում: Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է հինգշաբթի, ըստ ՊՆ հայտարարության՝ մեղադրվում է խարդախությամբ 2000 դոլար հափշտակելու մեջ:

Ավետիսյանի ընկերները համոզված են, որ Անկախության օրվա նախօրեին իշխանությունների նման գործելաոճը իրենց շարժումը գլխատելուն ուղղված միտումնավոր արարք է:

«Այսօր անարժաններին մեդալներ ու պատվոգրեր են տալու, իսկ մաքուր տղաներին, ովքեր պատերազմ են անցել, պարգևատրում են չակերտավոր նվերներով՝ կալանավորում են: Անկախությունը ժողովրդին ազատություն է տալիս, իսկ ազատության համար պայքարած տղային  այսօր զրկում են ազատությունից: Օրենքն իրենց համար է ու մեզ չի վերաբերում, Անկախության օրը տղաների համար սուգ է, «ով հաղթի, ով նշի», - ասել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Նա վստահեցրել է, որ իրենց պայքարը շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:

«Քիչ հետո հրապարակում կսկվի համերգ-կապիկությունը (նկատի ունի Նունե Եսայանի համերգը – խմբ.), ու մենք ստիպված կլինենք բամբակով փակել մեր ականջները, որ էդ թուրքական ոռնոցները լսելուց  մեր կանտուզիան չսրվի: Մենք էլ ժողովրդի հետ սպասում ենք կրկեսի շենքի ավարտին, որ էս կապիկներին ուղարկենք՝ այնտեղ անեն իրենց կապիկությունները», - եզրափակել է Մելիքբեկյանը: