2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Ինձնից ավելի արդար որոշումներ կայացրած քննիչ չկա». Բուդաղյանների գործով բողոքը՝ դատարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանն առաջին իսկ դատական նիստից հետո դժգոհել է իր բողոքի քննության ընթացքից:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բողոքը: Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել քննիչ Ալեքսան Ղազարյանի այն որոշման դեմ, որով վերջինս ապացուցված է համարել, թե Ավետիք Բուդաղյանը կատարել է առանձնակի ծանր հանցագործություն՝ սպանության փորձ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ նա մահացել է: Հիշեցնենք, որ տան մոտ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրայանի թիկնազորի անդամ Նիկոլայ Աբրահամյանը:

Այսօր դատական առաջին նիստին դատավոր հայտարարել է, որ  դատարանի պահանջով քննիչը ներկայացել է 189 էջ նյութեր, որոնք կապված են բողոքի հետ: Այս հայտարարությունը լսելով՝ Ալումյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ պահանջելով դատարան ներկայացնել քրեական գործն ամբողջությամբ՝ 8.5 հատորը: 

Դատարանում պարզվել է, որ քննիչն իր հայեցողությամբ է ընտրել գործի 189 էջերը, մինչդեռ, ըստ Ալումյանի դիտարկման, քննիչը պետք է ներկայացներ ոչ թե միայն իր որոշման մասին հատվածը, այլ բողոքի վերաբերյալ բոլոր նյութերը:

«Ներկայացրել եմ այն նյութերը, առնվազն որոնք բավարար են ապացուցելու իմ կայացրած որոշման օրինականությունը: Ներկայացրել եմ այն նյութերը, որոնք հերքում են իմ դեմ բերված բողոքը», - դատարանի դահլիճում հայտարարել է քննիչ Ղազարյանը՝ առարկելով միջնորդությանը: 

«Խնդիրն էլ հենց այն է, որ միայն հերքող նյութերն եք ներկայացրել, և չեք ներկայացրել հաստատող նյութերը»,- հակադարձել է Ալումյանը:

Ինչևէ, դատավոր Ավետիսյանը չի բավարարել փաստաբանի միջնորդությունը՝ ասելով, որ նախաքննական մարմինը չի կարող բոլոր նյութերը տրամադրել, քանի որ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Ալումյանն ասել է, որ նույն սկզբունքով ինքը որպես տուժողի ներկայացուցիչ և մեղադրյալի պաշտպան 190 էջերին ևս չպետք իրավունք ունենա ծանոթանալու:

Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի Ալումյանը քննիչի բերած նյութերը ուսումնասիրելու ժամանակ ունենա: Նիստից հետո քննիչ Ղազարյանը դահլիճում հայտարարել է. «Այս գործով կպարզվի, որ ինձնից ավելի արդար որոշումներ կայացրած քննիչ չկա Հայաստանում»: 

Հայկ Ալումյանն էլ ասել է, որ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վկայում է, որ բողոքի քննությունը ձևական բնույթ է կրելու:

Նշենք, որ Ալումյանը բողոքարկում է քննիչ Ղազարյանի մեկ այլ որոշում ևս. այդ որոշմամբ ազատ են արձակվել Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Այդ որոշումը, ըստ Ալումյանի, հիմնված էր առաջին որոշման վրա, քանի որ  դրանով իբր ապացուցված է համարվել, որ Խաչատրյանն ու Նիկողոսյանը պաշտպանվել են: