2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Լոռու մարզպետի որդու վրա կրակողը խոստովանել է․ մարզպետը կատարվածում դիտավորություն չի տեսնում

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն:  

Համաձայն հաղորդագրության՝ 22-ամյա Նալբանդյանը ստացել է հրազենային վնասվածքներ զույգ սրունքների շրջանում:

«Նույն օրը` ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը և հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ կատարվածում դիտավորություն չկա, քանի որ Երիցյանն ու իր որդին մտերիմ ընկերներ են: