2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայրը չի հավատում, որ որդին ինքնասպանություն է գործել բանակում

Տավուշի մարզի զորմասերից մեկի մարտական հենակետի խրամախորշերից մեկում հուլիսի 3-ին ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, 20-ամյա Արսեն Մխիթարյանը, հնարավոր է, ինքնասպանություն չի գործել, այլ նրան սպանել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մխիթարյանի իրավահաջորդի փաստաբան Նորայր Նորիկյանը (լուսանկարում)։ Արսեն Մխիթարյանը Արմավիրի բնակիչ էր։

Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով: Մահացածի հայրը՝ Արթուր Մխիթարյանը, պնդում է՝ զինծառայողին սպանել են, իսկ դեպքի հետ կապված շոշափվում են բարձրաստիճան զինվորականների անուններ:

«Անցել է երեք ամիս, սակայն մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն: Տուժող կողմը դժգոհ է հետաքննության արդյունքներից: Մենք անվստահություն ունենք վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ: Տարվում է անարդյունավետ քննություն։ Այս պահին քրեական գործի վերլուծությամբ մենք հանգել ենք այն համոզմունքին՝ Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ մեղավորը կամ մեղավորներն ունեն ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում՝ սպաների կազմում, ովքեր անում են ամեն ինչ մահվան հանգամանքները չբացահայտելու համար», ֊ ասել է Նորիկյանը:

Փաստաբանը նշել է նաև, որ չի կարող հայտնել, թե որ բարձրաստիճան մարդկանց մասին է խոսքը, սակայն նա Մխիթարյանի ծառայակիցներից մեկի համագյուղացին է և ղարաբաղյան պատերազմի մասնակից:

Դեպքից հետո, Նորիկյանի խոսքով, իրենք այցելել են զորամաս, զրուցել Մխիթարյանի ծառայակիցների հետ:

«Զրույցի ժամանակ մենք իմացանք, որ մահվանը նախորդող մի քանի օրերի ընթացքում Արսենը լուրջ հոգեբանական խնդիր է ունեցել։ Խնդիրներ է ունեցել նաև այլ զինվորների հետ: Մենք այդ մասին հաղորդել ենք քննչական խմբին, սակայն մեր այդ ասածին նրանք չեն արձագանքել... Մենք անգամ չգիտենք, թե նա սպանվել է իրեն ամրակցված զենքից, թե ոչ», - ասել է Նորիկյանը:

Մահացածի հարազատները դեպքից առաջ խոսել են նրա հետ, սակայն թե ինչ բնույթի խոսակցություններ են եղել, Նորիկյանը չի բացահայտել՝ ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է:

Օգոստոսի 30-ին տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին՝ քննչական խմբին բացարկ հայտնելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։

«Այն տպավորությունն է, որ ինչ բովանդակությամբ էլ միջնորդություն ներկայացնենք ․․․ Վարույթն իրականացնող մարմինն այն համոզմունքին է, որ մահվան հարցում ոչ մեկը մեղավոր չէ, այդ պատճառով էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացնելու»:

Նորիկյանը հորդորել է ՀՀ պաշտոնյաններին, մասնավորապես ՝ նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին զբաղվել այս հարցով:

«Պաշտպանության նախարարին հորդորում ենք՝ հանձնարարի պարզել, թե առհասարակ ինչ հոգեվիճակ է տիրել այդ զորամասում, ո՞վ է պատասխանատու դրա համար, ո՞վ է ենթարկվել պատասխանատվության և եթե չի ենթարկվել՝ ինչո՞ւ», - ասել է Նորիկյանը:

Նա նշել է, որ Մխիթարյանի ծնողները բացառում են ինքնասպանության վարկածը: Նրանց խոսքով՝ իրենց որդին երբեք չի ունեցել կյանքին վերջ տալու մտքեր: