Սիգը բռնվեց, ապօրինի բիզնեսը դեռ պլստում է
ԶԼՄ հրապարակումների հիման վրա Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն է կատարել ձկնորսության և սիգի օգտագործման ոլորտում․ վերջինիս որսի արգելված լինելու պայմաններում հայտնաբերվել է 2017-2018 թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր։ Սիգի ապօրինի որսի և իրացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
Դատախազության հաղորդագրությունում խոսք է գնում երեք ՍՊ ընկերությունների մասին (ընկերությունների անունները նշված չեն), որոնցից մեկը գործում է Գեղարքունիկի մարզում, մյուսը՝ Արարատի մարզում, երրորդը՝ Սիգը արտահանում է Ռուսաստան (որտեղ է գործում՝ այս դեպքում նշված չէ)։ Վերոհիշյալ ընկերությունների մոտ դատախազությունը հայտնաբերել է 38 587 կիլոգրամ սիգի իրացման փաստեր։ Հարուցվել է քրեական գործ։
Ում են պատկանում վերոհիշյալ ընկերությունները և կոնկրետ որ ԶԼՄ հրապարակումների վրա է հիմնվել դատախազությունը, մնում է անհայտ։ Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, Փաստերի ստուգման հարթակը հետաքննություն էր հրապարակել, համաձայն որի
սիգի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններից մեկը պատկանում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին («Գալիլիա» ՍՊԸ)։ Ինչպես է նախկին ոստիկանապետի զոքանչը ձեռք բերել ապօրինի գործունեությամբ զբաղվող այս ընկերությունը, ստույգ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ 2014-2017 թթ. նույն «Գալիլիա» ՍՊԸ-ը տնօրենինվել է Վահե Գուլանյանի կողմից, ով այժմ պետական «Սևան ազգային պարկի» տնօրենն է։
Հիշեցնենք նաև, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր Սևանալճի համալիր տեսչական ստուգում, որը, մասնավորապես, պետք է ուսումնասիրեր և բացահայտներ սիգի շրջանառության հետ կապված մի շարք հարցեր։ Համալիր տեսչական ստուգումը, սակայն, Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո չեղարկվել է կամ հետաձգվել անհայտ ժամկետով։ Գրիգորյանը վերջերս՝ մեկնաբանելով Սևանի ճահճացման խնդիրը, կրկին անդրադարձել էր սիգի շրջանառությանը՝ կապելով այն բնապահպանության ոլորտում համակարգային կոռուպցիայի հետ։
«Սիգի պահածոներին անդրադառնալով՝ նշեց, որ եթե կան այդպիսի տվյալներ, ապա թող հաղորդում ներկայացվի ոստիկանությանը: Հիշեցնեմ, որ դեռևս հունվարին այդ փաստերը ներկայացրել եմ անձամբ ոստիկանապետ Օսիպյանին՝ իր տեղակալի, բնապահպանության նախարարի ու այլ պաշտոնյաների ներկայությամբ: Փաստենք, որ նախարարությունն իր պատասխանատվության տիրույթում գտնվող այս հարցը կարգավորելու շուրջ որևէ քայլ չի ձեռնարկել: <...>
Պարզապես պետք է ինչ-որ կերպ հիմնավորեն, որ պահածոյացված ձուկը գնվել է ոչ թե տեղում՝ ազգային պարկի պատասխանատուներից, որոնք այդ նույն նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն են, այլ մայթին ձուկ վաճառող Վարդուշ տատիկից: <...> Հետաքրքիր է, իսկ Վարդուշ տատիկը որտեղի՞ց է այդքան ձուկը ձեռք բերել, միգուցե արտակարգ աշխատող ներքին ցանցային համակարգի՞ց, որ հաստատված երթուղիներով ամեն օր հասցնում են իրենց «տոչկաներին»: Մնաց մեկ բան էլ հասկանանք ու վերջ․ ովքե՞ր են սիգի պահածո արտադրող ընկերությունների հիմնադիրներն ու տնօրենները: Տեսնես բնապահպանության նախարարության կամ ոստիկանության համակարգի հետ առնչություն ունե՞ն» - նշված էր Գրիգորյանի հրապարակման մեջ։