Մանր առևտրականները ենթարկվում են օրինական ռեկետի
Վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում էր Շինարարների փողոցի կրպակներն ու խանութները։ Քաղաքապետը որոշում է ընդունել, որ այդ շինություններն ապօրինի են, պիտի քանդվեն, իսկ տակի հողը պիտի վերադարձվի համայնքին։
Ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվեցին տնտեսվարողների բողոքի ակցիաներով։ Խանութպանների մեծ մասը ունի սեփականության վկայական և հողի վարձակալության պայմանագիր։
Հուլիսին Կառավարությունը որոշում էր ընդունել, որ համայնքապետարանները կարող են քանդել մասնավոր սեփականություն հանդիսացող շենքերը՝ շրջանցելով դատարանները։





Շինարարների փողոցի խանութպանները սա համարում են պետական ռեկետ։ Բողոքում են, որ թաղապետարանը նույնիսկ պատշաճ չի տեղեկացրել իրենց, որոշներին զանգել են երկու օր առաջ, անգամ եկել են քանդելու գիշերով։
«Խնդրել ենք, որ գոնե երկու ամիս ժամանակ տան, որպեսզի կարողանանք արդեն իսկ ներմուծած ապրանքը վաճառել, բայց թաղապետը խնդրանքը մերժել է՝ պատճառաբանելով, որ հենց այս եղանակին են ծառ տնկում», — պատմել է վաճառականներից մեկը։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ ապամոնտաժում են միայն այն կրպակները, որոնք չունեն սեփականության վկայական: Քաղաքացիները անգամ փոխհատուցում ստանալու հույս չունեն։
«Փոխհատուցելու համար գնահատում են անում քանդելուց առաջ, իսկ իրենք ոչ մի բան էլ չեն արել։ Երեկ առավոտյան են ծանուցում տվել, էսօր արդեն քանդում են», — պատմել է վաճառականներից մեկը։
Քանդված կրպակներից մեկի վրա վարչական դատարանը քանդման արգելք էր սահմանել՝ մինչև գործի վերջնական քննությունը։ Դրա տերը՝ Նահապետյանը պնդում է, որ քանդված հատվածը ևս մտնում է դատարանի նշած հասցեի մեջ և որ քաղաքապետարանը «սուտ գեոդեզիա» է արել, թաղապետը հակադարձում էր՝ «վեց մետրը ինքնակամ շինություն է, հետևաբար պետք է ապամոնտաժվի»։







«Էն, ինչի վրա դատարանը արգելանք է դրել, հանրային գերակա շահ է», - լրագրողներին ասել է վարչական ղեկավարը։
Բողոքի ցույցին մասնակցում էր նաև Երևանի ավագանու նախկին անդամ, այժմ Հայաստան դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, այդ իսկ պատճառով ցույցը շատ արագ վերածվեց նախկին-ներկա հակամարտության։ Աջափնյակի վարչական ղեկավարը լրագրողներին պատմեց, որ Մանուկյանի աներն այդ փողոցի վրա բենզալցակայան ունի, և նա վախենում է, որ «իրենց տներին են մոտենում»։ Պատգամավորը Սարգսյանին «թաղապետիկ» անվանեց։ Վաճառական մի կին հայտարարեց, որ թաղապետը «աբիժնիկի դեմք ունի»։ Սերոբ Սարգսյանը հակադարձեց՝ «դուք էլ քոչարյանականի դեմք ունեք»։






Շինարարների բնակիչներից մեկը Epress.am-ին պատմել է, որ քաղաքապետարանը այդ հատվածի հետ պլաններ ունի, խոսակցություններ են գնում, որ իրենց փողոցը դառնալու է Դալմային հարակից թաղամասի շարունակությունը, նմանատիպ շենքեր են պատրաստվում կառուցել նաև այդտեղ։ Շինարարներ-Արզումանյան հատվածում մի քանի չորրորդ կարգի վթարային շենք կա։ Մոտ ժամանակներս պատրաստվում են դրանք քանդել, մոտակայքում նորակառույցներ են սարքվում։ Բնակիչներին խոստացել են, որ իրենց բնակարաններ կտրամադրեն այդ շենքերում։






Նշենք, որ մի քանի օր առաջ էլ «ապօրինի» խանութներ ապամոնտաժվել էին Ավանում։
Հուլիսին ընդունված մեկ այլ որոշմամբ Կառավարությունը պրակտիկորեն անհնար է դարձրել նաև սեփական հողակտորների վրա ինքնակամ կառույցների օրինականացումը. Երևանում դրանց գրանցման համար սահմանվել էր 100 միլիոն դրամ պետտուրք։