Քաղաքացիներ և միգրանտներ. նոր «անվտանգային» հայեցակարգ
Շենգեն վիզայի ազատականացման շուրջ բանակցություններում Եվրամիության առաջնային նախապայմանն այն է, որ Հայաստանը կանխի դեպի Եվրոպա անկանոն միգրացիան: Հայաստանը պարտավորվում է ուժեղացնել սահմանները, ներդնել բնակչության ռեգիստր, անցնել նոր տիպի բիոմետրիկ անձնագրերի և հետ ընդունել այստեղից ԵՄ երկրներ գնացած միգրանտներին։ Նախապայմանները բավարարելու համար մեծ օրենսդրական փոփոխություններ են կատարվում։
Հայաստանը վերասահմանում է՝ ով է քաղաքացի և ով միգրանտ։ Քաղաքացի դառնալը բարդանում է։ Միգրանտները բաժանվում են մի քանի կատեգորիայի՝ օրինական, ոչ օրինական, փախստական, ապաստան հայցող, թրաֆիքինգի զոհ։
Ներքին գործերի նախարարության համար սկսել է դասընթացներ անել ԵՄ սահմանապահ գործակալությունը՝ Frontex-ը, որը հայտնի է «ապօրինի» միգրանտների դեմ պայքարով, Միջերկրական ծովով Եվրոպա հասածներին հետ «քշելով», ապաստան հայցողներին երրորդ երկրներ ուղարկելով։
Միգրացիոն քաղաքականության խստացումը Հայաստանում չի սկսվել Շենգենի շուրջ բանակցություններով։
2021-ին ընդունվել է Միգրացիայի կառավարման նոր հայեցակարգը, որով «ազգային անվտանգությունը» հռչակվել է ոլորտի հիմնարար արժեք։ Միգրանտներին սկսել են ստուգել որպես պոտենցիալ հանցագործների, շատացել են նաև «ապօրինի» միգրանտների հայտնաբերման դեպքերը։
2022-ին Միգրացիայի ծառայությունը մտել է Ներքին գործերի նախարարության մեջ՝ Ոստիկանության և ԱԻՆ-ի հետ միասին։ Զուգահեռաբար ՆԳՆ-ում բացվել է թրաֆիքինգի դեմ պայքարի վարչություն։ Շատացել են ստուգումները նաև սահմանին ժամանածների, այդ թվում՝ ապաստան հայցողների հանդեպ։ 2025-ին ռեկորդային թվով մարդիկ՝ 93 հոգի, ապաստան են հայցել կալանավորվելուց հետո։ Հայաստանում բավարարվում են միայն քաղաքական հալածյալների և պատերազմի զոհերի դիմումները, աշխատանքային միգրանտների դեպքում ապաստանի հայցերը մերժվում են։
Վերջերս Ազգային ժողով է մտել մի օրինագիծ, ըստ որի ապաստանի հայցերի քննարկմանը պետք է մասնակցի նաև Ազգային անվտանգության ծառայությունը։ Եթե ԱԱԾ-ն եզրակացնի, որ «հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար», նրա դիմումը պիտի մերժվի։
Կառավարությունը որոշել է բարելավել ապաստան հայցողների կյանքը։ Աբովյանում նոր հանրակացարան են կառուցում, սոցապը խոստանում է հայերենի դասեր, ՆԳՆ-ն՝ ճամփորդական փաստաթղթեր․ նախորդներով երկրից դուրս գալ չէր լինում։ Հայաստանում տարեկան ապաստան է հայցում մոտ 1000 մարդ։
տե՛ս «Չեք հավանում, գնացեք ձեր երկիր»․ փախստականները Հայաստանում
Իսկ աշխատանքային միգրանտների մասով փոփոխություններ չեն սպասվում։ Միգրանտների թիվը, մոտավոր հաշվարկներով, գերազանցում է 50 հազարը՝ 15-ից 25 հազար հնդկաստանցիներ, տասնյակ հազարավոր ռուսասանցիներ, որոնք Հայաստան են եկել Ուկրաինայում պատերազմից հետո։ Ռուսաստանցիների ներհոսքը կրկին ակտիվացել է նոր մոբիլիզացիայի շուրջ խոսակցությունների պատճառով։ Անցած երկու տարում Հայաստան են վերադառնում նաև խոպանչիները Ռուսաստանից։ ԱՄՆ-ից էլ հետ են ուղարկվել մի քանի հարյուր հայաստանցիներ՝ Թրամփի սկսած ռեյդերի արդյունքում։ Հայաստանը պարտավորվել է նաև հետ ընդունել այստեղից ԵՄ գնացած ոչ օրինական միգրանտներին․ 2025 թվականից ԵՄ-ից հետ է ուղարկվել 119 հոգի: 2026-ի սեպտեմբերին նման համաձայնագիր է կնքվել նաև առանձին Լիտվայի հետ։
տե՛ս Հնարավոր չէ դիմանալ Երևանում տների գներին
Վերջին տարիներին Հայաստանը օտարերկրացի միգրանտներ և փախստականներ է ընդունել նաև Իրանից, Իրաքից, Հաիթիից, Աֆղանստանից, Սիրիայից, Եգիպտոսից, Պակիստանից և այլն։ Նրանց մի մասը եկել է այստեղ 2021-22 թվականներին, երբ Թուրքիայում սկսել են փակել փախստականների ճամբարները:
Միգրանտները, որոնք մնում են Հայաստանում ճամփորդական վիզայի ժամկետը լրանալուց հետո, համարվում են ապօրինի։ 2025 թվականի դեկտեմբերին, օրինակ, Հայաստանում գտնվում էր 17 980 Հնդկաստանի քաղաքացի, որոնցից 50 տոկոսը՝ ժամկետանց տուրիստական վիզայով։ ՊԵԿ-ում հաշվառված հնդկաստանցիների թիվը նույն ժամանակահատվածում չէր գերազանցում 1500-ը։ Միգրանտների մեծ մասն այստեղ աշխատում է առանց պայմանագրի։
տե՛ս Հնդկաստանում հնդիկի գործ չկա
Կառավարությունն անցած շաբաթ չեղարկել է Հնդկաստանից, Իրաքից և Եգիպտոսից ժամանողների համար բարդ վիզային ռեժիմը, որն ընդունվել էր որպես պաշտպանություն աշխատանքային շահագործումից։ Թրաֆիքինգի դեմ օրենքները սովորաբար ընդունվում են որպես զոհերին պաշտպանելու միջոց, որը չի գործում (ինչպես, օրինակ, Իջևանի կարի ֆաբրիկայի դեպքում) կամ գործարկվում է միգրացիան կրմինալիզացնելու համար։
տե՛ս Իջևանի միգրանտներին վտարել են Հնդկաստան
Միգրացիան ամենուրեք դիտարկվում է որպես աշխատանքը էժանացնելու միջոց, որը ձեռնտու է ընդունող երկրների կապիտալին։
Եվրամիությունը, օրինակ, խստացնում է սահմանները ոչ թե որպեսզի կանխի «ապօրինի» միգրանտների հոսքը դեպի Եվրոպա, այլ ընդամենը կառավարի այն։ Վիզայի ազատականացումից հետո ԵՄ-ում շատացել են ապօրինի աշխատողները Վրաստանից և Մոլդովայից․ նրանց տրանսֆերները կազմում են այդ երկրների ՀՆԱ-ի 10-14 տոկոսը։ Շատացել են նաև «սպիտակ» աշխատողներն Ուկրաինայից՝ պատերազմի պատճառով։ Եվրոպան հիմա ավելի հեշտ է ազատվում ժամով աշխատող սև միգրանտներից։
Հունիսին Եվրոպառլամենտն ընդունել է աջ կառավարությունների առաջարկը և թույլատրել միգրանտների կացարաններ կառուցել օֆշորում՝ ԵՄ սահմաններից դուրս։ Նման ճամբար Իտալիան դեռ 2023-ին էր կառուցել Ալբանիայում․ վարչապետ Մելոնին ակնարկում էր, որ դա կօգնի Ալբանիային ԵՄ անդամության հարցում։ Մինչև այս Իտալիայի ալբանական ճամբարները համարվում էին «անօրինական»։