2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#Լաչինի միջանցք

Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է

Ղարաբաղի հայերի նոր հույսը Շոյգուի խորհրդական գեներալն է

Ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն արդեն Ղարաբաղում է, այսօրվանից նա պետք է սկսի բանակցությունները ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետը հանելու շուրջ։ «Ազատության» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Բաբայանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի հեղինակության հարցն է լինելու։ տե՛ս Ղարաբաղը ապահայաֆիկացվում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի պաշոտնանկության մասին լուրերը պաշտոնական աղբյուրները առայժմ չեն հաստատել։ Վոլկովը գնում է, Լենցովը գալիս է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը չի հերքել լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվող տեղեկությունները, համաձայն որոնց՝ գեներալ Վոլկովը, որը վերջին օրերին անարդյունք բանակցություններ էր վարում Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժման շուրջ, հեռացվել է պաշտոնից։ Հայաստանյան մամուլը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան։ Նրան այս պաշտոնում փոխարինել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական, 66-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Գեներալ-գնդապետը մինչ այդ Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն է եղել, 40 տարվա զինվորական է, ռուսաստանյան աղբյուրների համաձայն՝ (ԽՍՀՄ, հետագայում արդեն ՌԴ ԶՈՒ կազմում) մասնակցել է Աֆղանստանի, Չեչնիայի և Սիրիայի պատերազմներին։ նոր հրամանատարը՝ Լենցով Ալեքսանդր Իվանի Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Արցախի արտգործնախարարը չի հակադարձել, որ ռուսական զորախմբի հրամանատարական կազմում փոփոխությունը տեղի է ունենում Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհին՝ ռուսների պատասխանատվության գոտում, վերջին զարգացումների պատճառով։ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախումբն արդեն երեք հրամանատար է փոխել․ Վոլկովից առաջ խաղաղապահ առաքելությունը ղեկավարել է Գենադի Անաշկինը, մինչ այդ էլ՝ Ռուստամ Մուրադովը: վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ «Դեռ տեղյակ չեմ՝ պաշտոնական արդյոք եղել է այդ նոր նշանակումը, թե չէ, բայց արցախյան կողմը ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլեր», - ասել է Ղազարյանը: Ստեփանակերտը, ըստ նրա, ցանկանում է պարզել , թե որոնք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը»։ Ռուսաստանյան զորախումբն առայժմ որևէ բացատրություն չի տվել, թե ինչու չի կանխել Ադրբեջանի կողմից բեռնատարների և ռազմական մեքենաների միջոցով իր վերահսկողության գոտում գտնվող Հակարիի կամրջի փակումը։ տե՛ս Ադրբեջանական անցակետ՝ «ռուսական» Լաչինի միջանցքում «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը այսպես կոչված կարմիր գծերը ռուսական խաղաղապահների հետ մղելով տանում է: Միևնույն ժամանակ, ռուսական կողմից տարբեր շրջանակների ներկայացուցիչներ խոսում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է այլ ուղղության վրա, և դրանից շատ լավ օգտվում է ադրբեջանական կողմը: Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք կա որևէ վերջնագիծ կամ մի սահմանագիծ, կամ, ասենք, համբերության բաժակ, արդյո՞ք ռուսական կողմը ունի այս առումով», - նշել է Արցախի արտգործնախարարը: Պաշտոնյան շեշտել է՝ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձել է՝ տեսնելով, որ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբն է տեղակայվել, «բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում»։ դիմել էին ՌԴ-ին, դիմել են նաև ՄԱԿ-ին Դեռևս կիրակի օրը Ղարաբաղի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարել և դիմել «հատկապես Ռուսաստանին»՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ Հայաստանին արտգործնախարարությունն էլ կոչ է արել Մոսկվային «ի վերջո կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը»։ Արդեն այսօր Երևանը հաստատել է՝ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին, որը երկու ամիս առաջ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վճիռ էր կայացրել։ Այդ վճիռը Բաքուն անտեսել է։ Անցած շաբաթվա վերջին Ադրբեջանը փակել է նաև Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել Հայաստան-Ղարաբաղ սահմանին։ դրոշի արարողություն Ռուսական կողմի արդեն 4-րդ օրը տևող բանակցությունները՝ առանձին արցախյան և առանձին ադրբեջանական կողմերի հետ, որևէ արդյունք չեն տվել։ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ առանց ռուսական և հայկական կողմերի համաձայնության տեղադրված անցակետում այսօր պետական դրոշի բարձրացման արարողություն է կազմակերպել: Արարողությունը տեսանկարվել է և տարածվում է Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Փաշինյանն ու Պուտինը զանգվել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երևանի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման շեշտադրմամբ»: «Լաչինի միջանցքում իրադրության ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հիմնարար համաձայնությունների ամբողջ համալիրի խստիվ պահպանման կարևորությունը», - ընդգծել է Մոսկվան: Մինչ այդ հաղորդվել էր նաև Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցի մասին։ Ըստ հայկական կողմի պռես-ռելիզի, Եվրախորհրդի նախագահի հետ մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության, նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ Փաշինյանը ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու քաղաքականության հետևողական իրագործմանը։

Սահմանային սպանությունները սկսել են հրմշտոցից. պաշտոնական

Սահմանային սպանությունները սկսել են հրմշտոցից. պաշտոնական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուժերը Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում պարբերաբար բանակցում են, «տեղակայման ճշգրտումներ են իրականացնում»՝ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Նմանատիպ մի ճշգրտման բերումով է տեղի ունեցել միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների», - մեկնաբանելով ապրիլի 11-ի բախումները՝ նշել է Պապիկյանը: Տեղի հատվածում երեկ տեղի ունեցած «միջադեպի» հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունի։ Ադրբեջանը հաղորդել է 3 զոհերի մասին։ Հայաստանի ՊՆ-ն տեղի ունեցածը «ադրբեջանական սադրանք» է որակել։ Երևանը տեսանյութ է հրապարկել, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, հետո՝ հեռանում և սկսում կրակել։ «Խնդրո առարկա հատվածի մասին արդեն հայտարարություն է եղել, պատճառները հայտնի են՝ ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր և ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցան հայտնի միջադեպերը, որի շարունակությունը սա է»,- խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում նշել է պաշտպանության նախարարը։ Դեռևս մարտի վերջին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու երկայնքով տեղակայվելիս ադրբեջանցիները 5 կետերում, այդ թվում՝ Տեղ գյուղի հատվածում, առաջ են եկել և դիրքավորվել Հայաստանի տարածքում՝ սահմանից մի քանի հարյուր մետր այս կողմ։ Մինչ այդ այս հատվածը վերահսկվում էր ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Տեղի բնակիչները պատմում են, որ ռուս զինծառայողները հետ են քաշվել դիրքերից, ինչից անմիջապես հետո այնտեղ են տեղակայվել ադրբեջանական զորքերը․ այս մասով պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չի նշվում։ Արդյոք հայկական կողմը իմացել է խաղաղապահների հեռանալու մասին՝ հայտնի չէ։ Ապրիլի սկզբից, ըստ պաշտոնական աղբյուրների, կողմերը բանակցում են, որ հարթեն «քարտեզների տարընթերցման» հետևանքով ի հայտ եկած խնդիրները։ Ըստ Երևանի, իրավիճակն այս ընթացքում «Էականորեն բարելավվել է»։ Տեղ գյուղի մոտակայքից, սակայն, ադրբեջանցիները առ այսօր չեն հեռացել։ Պապիկյանը պարզաբանել է՝ քանի որ «այնտեղ որոշակի անճշտություններ կային», Հայաստանի ԶՈՒ-ն «ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը տեղակայվել է այս տեղամասում»։ «Վերջին մեկ շաբաթվա, 10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմի, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են», սրա բերումով է, որ «ունենանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են և խնդիրներ չկան»։ Նախօրեին «ճշգրտումներն» ավարտվել են զինված բախումներով։ գիտեին Երեկվա ադրբեջանական սադրանքը կանխատեսելի էր՝ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել և այլն։ Բայց, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ և ինչի համար է տեղի ունեցել», - նշել է Փաշինյանը։ «Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել են ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա։ Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ։ Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը։ Այդ ձախողմանը, ըստ Փաշինյանի, պետք է հետևեն «որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»։ ծանր, ծայրահեղ ծանր Տեղ գյուղի հայկական դիրքում՝ ադրբեջանական կրակոցից, երեկ զոհվել են սպա Արթուր Սահակյանը, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, հատուկ ջոկատային Նարեկ Սարգսյանը։ Վիրավոր 6 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր։ Երեկ վիրավորվել է նաև հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ «Կորպուսի հրամանատարը տեղափոխվել է Երևան, վիրահատված է, նրա կյանքին վտանգ չի սպառնում», - տեղեկացրել է ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը։ Տեղ գյուղում այսօր իրավիճակը հանդարտ է, այնտեղ են իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներ։