հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երևանյան ավտովթարում զոհվել է «մաքուր ստեղծագործության» գաղափարի հեղինակը

Երևանյան ավտովթարում զոհվել է «մաքուր ստեղծագործության» գաղափարի հեղինակը

Հունվարի 3-ին ուշ երեկոյան Երևանում ավտովթարի հետևանքով զոհվել է նկարիչ, արվեստագետ Դավիթ Կարեյանը:

Կարեյանը ծնվել է 1973 թվականին Վանաձորում, ապրել և ստեղծագործել է Երևանում: Արվեստագետը 1990-96 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում:

Դավիդ Կարեյանը նորանկախ Հայաստանի ավանգարդ արվեստի առանցքային դեմքերից էր: 1990-ական թթ. սկզբին նա եղել է կոնցեպտուալ արվեստի ԱԿՏ խմբավորման նախաձեռնող անդամներից, իսկ 1994թ. ձևակերպել և շրջանառության մեջ է դրել «մաքուր ստեղծագործության» գաղափարը: Այդ տարիներից ի վեր Կարեյանը եղել է արվեստագետի` որպես ակտիվ քաղաքացու ըմբռնման ջատագովը, բայց ով չի ենթարկեցնում արվեստը սոցյալ-քաղաքական խնդիրներին:

1990-ականների վերջից Կարեյանը ակտիվ համագործակցություն է սկսում Նորարար փորձառական արվեստի կենտրոնի հետ, որը շարունակվում էր մինչև նրա կյանքի անժամանակ ավարտը: Այս համագործակցության առաջին նշանակալի օրինակը 1999թ. տեղի ունեցած և մեծ աղմուկ բարձրացրած «Կրիզիս» ցուցահանդեսն էր: Դրանից հետո Կարեյանն իրականացնում է մի շարք բազմամեդիա գործեր, որոնք արծարծում են մարմնի, մշակութային նորմերի և քաղաքական իրողությունների միջև առաջացած լարումները:

2000-ական թվականների առաջին կեսից Կարեյանի ստեղծագործական որոնումները մտնում, կամ, ավելի շուտ, վերադառնում է նկարչության ասպարեզ: Ստեղծագործական որոնումների այդ ողջ ընթացքում Կարեյանի համար էական է եղել նրա կյանքի ընկեր, արվեստագետ Դիանա Հակոբյանի հետ ստեղծագործական երկխոսությունը: Արմատական շրջադարձերով լի նրա ստեղծագործական կյանքի թերևս գլխավոր մտահոգությունը՝ քաղաքականապես ներգրավված մաքուր արվեստի հնարավորությունն էր: Սա մի խնդիր է, որը բյուրեղացնում է հետխորհրդային շրջանի արվեստի գլխավոր մտահոգություններից մեկը, և Կարեյանի արվեստի թերևս գլխավոր արժանիքը այս մտահոգությունը լավագույնս ի ցույց դնելն է:

Տեքստը՝ Վարդան Ազատյանի

Epress.am-ի խմբագրությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Դավիթ Կարեյանի հարազատներին և ընկերներին արվեստագետի անժամանակ մահվան կապակցությամբ:


Լուսանկարի կենտրոնում՝ Դավիթ Կարեյան, ձախից՝ արվեստագետ, համադրող Ռուբեն Արևշատյան, աջից՝ արվեստագետ Գրիգոր Խաչատրյան:

Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի անձնական արխիվից: