Home / Շուկա / Սփյուռքը օգնեց Մայա Սանդուին ժողովրդավարության դասեր տալ

Սփյուռքը օգնեց Մայա Սանդուին ժողովրդավարության դասեր տալ

Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է եվրաինտեգրման քաղաքականության կողմնակից Մայա Սանդուն, հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։

Քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկի տվյալներով, Սանդուն հավաքել է ձայների 55 տոկոսոը, նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 45 տոկոսը։ Սա Մայա Սանդուի երկրորդ նախագահական ժամկետն է լինելու։

X սոցիալական ցանցում Սանդուն շնորհակալություն է հայտնել իր համաքաղաքացիներին՝ «տան և արտերկրի»։ Նա հաղթել է Մոլդովայից դուրս գործող տեղամասերի հաշվին, սփյուռքի աջակցությամբ։ Եվրոպական մի շարք երկրներում տեղակայված ընտրատեղամասերում կեղծ ահազանգեր են ստացվել պայթուցիկների տեղադրման մասին։ 

Երկրի ներսում հաղթել է Ստոյանոգլոն՝ հավաքելով ձայների 51.2 տոկոսը։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 54.3 տոկոսը։ 

«Թվերը ցույց են տալիս, որ երկրի ներսում Մայա Սանդուն պարտվել է 36 հազար ձայնով։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև Ստոյանոգլոյի ծննդավայր Գագաուզիայում, որը դե յուրե Մոլդովայի Հանրապետության կազմում է, ընտրողների ավելի քան 97 տոկոսը քվեարկել է նույն թեկնածուի օգտին։ Այս թվին նույնիսկ Պուտինը կնախանձեր», – Epress.am-ի հետ զրույցում բացատրում է մոլդովացի լրագրող Օլգա Ստավիլան։ Նրա խոսքով պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Սանդուն քաղաքացիներին չի հիասթափեցրել. «Մայա Սանդուն հաղթել է, որովհետև իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում պահպանել է ազնվությունն ու անկաշառությունը։ Չի հարստացել, չկան հաղորդագրություններ ինչ-որ խարդախություններում նրա մասնակցության մասին։ Սա ժողովրդի հաղթանակն էր ընդդեմ մաֆիայի, կոռուպցիայի, Շորի, Պլատոնի, Դոդոնի, Ֆիլատի, Պլախոտնյուկի ու այլ քաղաքական գործիչների, որոնք պատմության մեջ մնացել են որպես երկիրը թալանած ու աղքատացրած մարդիկ»։

Մայա Սանդուն արևմտամետ քաղաքականության և Եվրամիություն ինտեգրման կողմնակից է։ Նախկինում երկրի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած, որպես անկախ թեկնածու առաջադրված Ստոյանոգլոյին աջակցում են ընդդիմադիր ռուսամետ ուժերն ու Սոցիալիստների կուսակցությունը։ 

Ստոյանոգլոն երկրում լավ հեղինակություն ունի։ Կոռուպցիոն սկանդալներում ներգրավված քաղաքական գործիչների հեռանալուց հետո, 2019 թվականից նա բարեփոխումներ է իրականացրել երկրի դատախազությունում, պայքարել է քաղաքական պատվերներով առաջնորդվող դատախազների դեմ։

Նոյեմբերի 3-ին՝ քվեարկության օրը, Մոլդովայի իշխանությունները պաշտոնական Մոսկվային մեղադրել են ընտրություններին միջամտելու մեջ։ Կրեմլը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։ Promo-LEX իրավապաշտպան նախաձեռնության դիտորդները հայտնել են արձանագրված ավելի քան 220 խախտումների մասին։ Նույն ժամանակ ոստիկանությունը ֆիքսել էր ընտրական կարգի խախտման շուրջ 190 դեպք։

EUReporter հարթակը հոկտեմբերի 30-ին հետաքննություն էր հրապարակել Ստոյանոգլոյի շտաբի պոլիտտեխնոլոգ Անդրիան Ալբուի և ռուսական հատուկ ծառայությունների միջև կապի մասին։ Լրագրողները հրապարակել էին ձայնագրություններ, որոնցում Ալբուն ենթադրաբար խոսում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակից Յուրի Գուդիլինի հետ, որը Մոլդովայում մեղադրվում է լրտեսության մեջ։

Հրապարակված խոսակցությունից հետևում է, որ Ալբուն թռել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ԱԴԾ նախկին ղեկավար Նիկոլայ Պատրուշևին։ Քննարկել են բիզնեսմեն Իլան Շորի ազդեցության սխեմաները Մոլդովայի ներքին քաղաքականության վրա։ Շորը մեղադրվում է  2014 թվականին երկրի բանկային համակարգից 1 միլիարդ դոլար գողանալու մեջ։ Վերջերս հայտնի է դարձել, որ նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։

Ալբուն հերքել է բոլոր մեղադրանքները։ Պնդում է, որ EUReporter-ի հրապարակած ձայնագրությունները կեղծված են։ Առաջարկել է Սանդուի հետ միասին պոլիգրաֆի թեստ անցնել և պատասխանել արտաքին ազդեցությունների մասի հարցերին։

Մոլդովայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անց էր կացվել հոկտեմբերի 20-ին։ Թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը։ Նախագահական ընտրություններին զուգահետ երկրում նաև Եվրամիություն մտնելու համար անհրաժեշտ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր անց կացվում։ Եվրաինտեգրմանը կողմ է քվեարկել ընտրողների 50.35 տոկոսը, դեմ՝ 49.65-ը։ 2020 թվականից պաշտոնավարող Մայա Սանդուի օրոք Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել ու թեկնածուի կարգավիճակ ստացել։