Գլխավոր / Հայաստան / Ում է ձեռնտու Հունգարիայի քայլը. Երևանը, Բրյուսելը, Վաշինգտոնը ընդհանուր շա՞հ ունեին

Ում է ձեռնտու Հունգարիայի քայլը. Երևանը, Բրյուսելը, Վաշինգտոնը ընդհանուր շա՞հ ունեին

Ակնհայտ է, որ մոլագար մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին նախապես տեղյակ են եղել թե’ Բրյուսելում, թե’ Վաշինգտոնում և թե’ Երևանում, իր հոդվածում գրում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ավագ փորձագետ, «Ժառանգության» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը:

«Եվ այդ քայլը լռելյայն թույլ տրվեց, քանի որ այս երեք մայրաքաղաքներ էլ ունեին իրենց շահը` թուլացնել և’ Հունգարիայի գործող իշխանությանը, և’ Իլհամ Ալիևին: Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպական ընտանիքի «աչքի գրողն» էր դեռևս 1998-2002 թվականներից: Նրա ազգայնական և այլատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը Բրյուսելում միշտ էլ համարել են եվրոպական և համամարդկային հումանիստական արժեքների հետ անհամատեղելի ու վտանգավոր: Օրբանը նաև մեղադրվում էր ավտորիտար վարչապետական կառավարման մոդելի կիրառման համար, որի արդյունքում խորհրդարանի լիազորությունները նվազեցվել էին: 2002թ.-ին, երբ ոչ առանց Բրյուսելի աջակցության, ձախերն ու լիբերալները հաղթեցին Օրբանի գլխավորած «Ֆիդեշ» աջ կենտրոնամետ կուսակցությանը (որն, ի դեպ, ԵԺԿ անդամ է)` Օրբանը բողոքեց, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սակայն եվրոպական դիտորդների հայտնաբերած միակ խախտումը պետական հեռուստաընկերության լուսաբանումներում «Ֆիդեշին» ակնհայտ առավելություն տալն էր», — նշում է Խուրշուդյանը:

Նա գրում է, որ համաշխարհային ճգնաժամի հետևանքներից Հունգարիայի բնակչության դժգոհությունների հողի վրա 2010 թվականիին «Ֆիդեշը» կրկին եկավ իշխանության, և Օրբանը նորից նշանակվեց վարչապետ: Սակայն այս անգամ նրա «չկամեցողների» թվում հայտնվեցին ոչ միայն Բրյուսելը, այլ նաև Վաշինգտոնը, ուր իշխանության էր եկել Օբամայի ժողովրդավարական վարչակարգը, որը շատ ավելի մեծ նշանակություն է տալիս մարդու իրավունքներին` երբեմն անգամ հանուն դրա զոհաբերելով ինչ-ինչ այսրոպեական աշխարհաքաղաքական դիրքեր:

«Մինչդեռ ազգայնական պոպուլիստ և այլատյաց, կղերականությունը քաջալերող (դրա համար Վատիկանի կողմից անգամ Սբ. Գրիգոր Մեծի միաբանության մեծ խաչին արժանացած) Օրբանի իշխանությունը չի տեղավորվում ԱՄՆ-ի հռչակած արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում և արդեն հասցրել է դառնալ Վաշինգտոնի կոշտ քննադատության թիրախը: Ի դեպ, Օրբանով հիացած են ոչ միայն կղերական Վատիկանում, այլև մեծապետական Ռուսաստանում, որտեղից պարբերաբար գովեստի խոսքեր են հնչում «եվրոպական «գլոբալ էլիտայի ձևավորման ծրագրերի ճանապարհը փակած» «եվրոպական Ուգո Չավեսի» հասցեին: Մոսկվայում հատկապես ոգևորված են 2012թ. հունվարի 1-ից Հունգարիայում ընդունված նոր Սահմանադրությամբ, որն առաջինն է ԵՄ երկրների մեջ, որ վերջ է դնում «մշակութային բազմազանությանը»: Սահմանադրության նախաբանում նաև նշվում է միջին դարերում գոյություն ունեցող մադյարական կայսրության տարածքների հանդեպ մերօրյա Հունգարիայի «ժառանգորդության» մասին` տարածքներ, որոնք գերազանցում են ներկայիս Հունգարիան 2-3 անգամ և ներառում ամբողջ Սլովակիան, ուկրաինական Անդրկարպատները, սերբական Վոևվոդինան, գրեթե ամբողջ Խորվաթիան և Ռումինիայի կեսը: Մի խոսքով` Եվրոպայի կենտրոնում իշխանության եկած այս թյուրիմացությունը եվրոպական արժեքների հակապատկերն է և պատահական չէ, որ ընկավ իր իսկ արժեքային համակարգի «փոսը», երբ` թքած ունենալով համամարդկային հումանիստական և տարրական բարոյական արժեքների վրա, իր «ազգային շահերի», այն է` Հունգարիայի համար մի քանի միլիարդ դոլար ադրբեջանական ներդրումներ ապահովելու համար նողկալի մարդասպանություն կատարած հանցագործին հանձնեց մի երկրի, որին Եվրոպայում ոչ պաշտոնապես ընդունում են որպես արեւելյան նավթային էմիրություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացահայտ ռասիզմի վրա, ուր մարդասպանը ակնհայտորեն խուսափելու էր իր արժանի պատիժը կրելուց, ավելին` արդեն մինչև արտահանձնումը հերոսացվում էր», — գրում է փորձագետը:

Խուրշուդյանի խոսքով՝ ոչ պակաս անհեռատես գտնվեց Ալիեւը, որի սխալի մեջ եւս շահագրգռված էին Բրյուսելն ու Վաշինգտոնը, սակայն, համենայնդեպս, ոչ ավելի, քան պաշտոնական Երևանը:

«Առաջին երկուսը Ադրբեջանի մասով դրանով առնվազն երկու խնդիր են լուծում.

  1. Ղարաբաղյան հակամարտության հարցում անսասան թվացող և Արևմուտքի համար անընդունելի ստատուս-քվոյի խարխլմանն ուղղված գործընթացների խթանում, տվյալ դեպքում` Ադրբեջանի հանդեպ` որպես առավել անզիջում կողմի, ճնշումներ գործադրելու հավելյալ նախադրյալների ձևավորմամբ:
  2. Ադրբեջանի` նավթային գերշահույթների շնորհիվ խիստ կամակոր դարձած ու Արեւմուտքին արդեն նյարդայնացնող վարչակարգի գլոբալ առումով թուլացում և ներքին հակակշիռների զորեղացմամբ ժողովրդավարացում: Դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով այդ երկրում 2013թ. հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները», — ընդգծում է Խուրշուդյանը:

Նա հավելում է, որ Երևանը, բնականաբար, ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի դիրքերի թուլացմամբ և Բաքվին միջազգային ճնշումների թիրախ դարձնելու հարցում:

«Ճնշումներ, որոնց հետևանքները կարող են լինել նվազագույնը որոշակի զիջումների կորզումը բանակցային ձևաչափում (ԼՂՀ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացի խթանման հանդեպ Մինսկի խմբի համանախագահողների առավել լոյալ վերաբերմունք կամ գոնե Ստեփանակերտի արդիականացված օդանավակայանի իրական վերագործարկում), իսկ առավելագույնը` ԼՂՀ անկախության ճանաչման հարցում ՄԽ համանախագահողներից լռելյայն համաձայնություն, ինչը կդառնար Արցախի միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը: Իվերջո` ներկայիս ռասիստական եւ հայատյաց Ադրբեջանի թուլացումը Հայաստանի ու Արցախի համար անվտանգության հարց է: Մեր հարևան երկրում առկա մարդատյաց ֆեոդալական վարչակարգի կազմաքանդումն ու արդիական ժողովրդավար պետության կառուցումը բխում են ոչ միայն Հայաստանի և Արևւմուտքի, այլև հենց Ադրբեջանի բազմազգ ժողովրդի շահերից», — եզրափակում է փորձագետը: