Թիվ 89 համարի միկրոավտոբուսային երթուղու նախկին վարորդ, 66-ամյա Հայկ Գասպարյանը դիմել է դատարան՝ բողոքելով անմարդկային աշխատանքային պայմանների դեմ և երկու ատյաններում շահել է գործը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Գասպարյանը բողոքել է երթուղու տիրոջ դեմ և պահանջում է իր տասնամյա աշխատանքի վարձատրությունը վճարել: Թերթի հետ զրույցում վարորդը նշել է, որ թիվ 89, ինչպես նաև 75 և 77 համարի «գծատերը» ներկայումս քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն է:
Գասպարյանի խոսքով՝ երթուղու որևէ վարորդ պայմանագրով նախատեսված աշխատավարձը չի ստացել: Առաջին ատյանը, նրա բողոքը քննելով, պարտավորեցրել է երթուղու պաշտոնական սեփականատեր «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությանը Գասպարյանին վճարել 1 միլիոն 300 հազար դրամ փոխհատուցում, սակայն ընկերությունը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որը վճիռը ամփոփոխ է թողվել, ու այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:
«Գծում վարորդների 80 տոկոսը տոկոսների տակ ճռում են: Ես բարկացա, հելա ոտի», – ասել է Գասպարյանը: Նա նաև հավելել է, որ բոլոր վարորդները իրեն սատարում են, բայց վախենում են միանալ:
«Ինչի քի՞չ մարդ են ծեծել գծում»,- ասել է նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում