Home / Խմբագրի ընտրություն / Պոեզիա և արվեստ․ չնախատեսված հանդիպում

Պոեզիա և արվեստ․ չնախատեսված հանդիպում

Բանաստեղծությունները խոսում են հասարակությունների, համայնքների և ազգերի հետ և նրանց համար, իսկ բանաստեղծները նույնն են արել այնքան ժամանակ, որքան գոյություն ունեն հասարակությունները: Ցանկացած բանաստեղծության հյուսվածքն իր բազմատեսակ ձևերով պնդում է մարդու ձայնի իրավունքը և մարդկային բազմազանության հիմնարար փաստը: Բանաստեղծությունները կապում են մարդկանց ներհայեցական լեզվի և մարդու ճանաչման միջոցով:

Փիթեր Բալաքյան․ Պոեզիայի ընթերցանություն Դիարբեքիրում

Արևմտահայերենը UNESCO-ի կողմից հրատարակված online-ատլասում (2012) համարվում է վտանգված լեզու։ Լեզուները սովորաբար վտանգվում են, որովհետև չեն հարմարվում աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Լինելով նախորդ դարերում կենսունակ՝ այժմ նրանք դուրս են մղվում գրական, ապա կենցաղային գործածությունից։ Արևմտահայերենը եղել է առավել քան կենսունակ, առավել քան համապատասխան փոփոխվող արդիականությանը։

Արևմտահայերենը մեռնում է, որովհետև այն սպանել են։ Սպանել են այդ լեզվի կրողների մեծամասնությանը, նրա լավագույն բանաստեղծներին՝ Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Սիամանթո, Գրիգոր Զոհրապ և այլն։ Սփյուռքացած վիճակում արևմտահայությունը շարունակեց և ստեղծեց նոր գրականություն։

Փիթեր Բալաքյանի ուղեգրությունը նաև ճանապարհորդություն է արևմտահայ պոեզիայի հետ, արդեն անգլիագիր հայ բանաստեղծի և լեզվի, բանաստեղծության, հիշողության բարդ հարաբերության։ Նրա բանաստեղծություններն ընթերցվում են անգլերեն, քրդերեն, թուրքերեն։ Փիթեր Բալաքյանը Դիարբեքիրում գնահատեց իր ներկայությունը իբրև վկայություն քրդական ազատության, այն ազատության, որի համար ոչնչացվեցին արևմտահայերի մեծ մասը։

Փիթեր Բալաքյանի բանաստեղծությունները չհնչեցին հայերեն/արևմտահայերեն։ Բայց դա չի նշանակում, որ նրա պոեզիայի էությունը արևմտահայերենը չէ։ Ըստ բովանդակության և զգացումի։

Իսկ ի՞նչ է արևմտահայերենը արվեստագետի համար։ Այս հարցադրման համարձակությունը պետք է գնահատել։ Արվեստագետի համար արևմտահայ պոեզիան պատմություն չէ, հիշողություն չէ, այլ գեղագիտական երևույթ։ Հենց այդպես է մոտեցել Գոհար Սարգսյանն արևմտահայ պոեզիային՝ փոխակերպելով գրականության և լեզվի պատմական և տևողական բնույթը տարածական տեսասարքի՝ ինստալիացիայի։ Նրա  «Բանաստեղծական երկխօսութիւն» ինստալյացիան «Արևմտահայ պոետների վերադարձը» նախագծի ավարտական ցուցադրությունն է: Որ այն ներկայացվել է Ազգային գրադարանում վկայում է, որ Գոհար Սարգսյանը փնտրում է արվեստի և գրականության համագործակցության նոր ուղիներ։

Զրուցել, երկխոսության մեջ մտնել հնարավոր է միայն կենդանի մարդու կամ երևույթի հետ, բայց ճիշտ է նաև հակառակը՝ զրույցը, երկխոսությունը վերակենդանացնում, կյանք են տալիս։ Արվեստագետը ստեղծել է մի տարածք որտեղ ապրում, խոսում, ստեղծագործում է արևմտահայերենը իր բանաստեղծների միջոցով։

Պոեզիան լեզվի էությունը արտահայտողն է։ Արևմտահայ լեզվի և խոսքի հոգին նրա պոեզիան է։ Իրականում լեզուն է խոսում բանաստեղծության մեջ, և ոչ թե բանաստեղծի ինքնակամ անձնավորությունը, ինչպես որ լեզուն չի պատկանում առանձին վերցված մարդուն։

Արևմտահայերենը ոչ միայն էսթետիկ/ֆենոմենոլոգիական հարցադրում ունի, այլ նաև՝ էկզիստենցիալ։ Ես հատկապես Մարտին Հայդեգերի միջոցով կարողացա զգալ գրականության և պոեզիայի գոյաբանական չափումը։

Իր ստեղծագործություններում Հայդեգերը պոեզիան համարում է զուտ լեզու։ Պոեզիան, ինչպես զուտ լեզուն, ինքն է խոսում: Այստեղ կարևոր է նշել, որ, ըստ Հայդեգերի, ավելի ճիշտ է ասել, որ ոչ թե մարդն է խոսում որևէ լեզվով, այլ լեզուն է որ խոսում է (Sprache spricht) անձի միջոցով։ Մարդը որպես անհատականություն, որը ձևավորվել է գոյության մեջ իր ներքաշվածությամբ, գոյության տարածություն է մտնում միայն լեզվի միջոցով։

Գերմանացի փիլիսոփան գրում է, որ «խոսքի շնորհը առանձնացնում է մարդուն․ միայն դա է նրան մարդ դարձնում։ <… .> Մարդու էությունը լեզվի մեջ է: Մենք կանք առաջին հերթին լեզվի մեջ և լեզվի միջոցով»:

Համային զգացողությունը էական տեղ է զբաղեցնում մեր հիշողության մեջ։ Ինստալիացիայի այս հատվածը կրում է «Բանաստեղծական ընթրիք» անունը։ Միսաք Մեծարենցի «Սիրերգի» առաջին քառատողը բոլորը գիտեն․

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին…։

Գոհար Սարգսյանի այս աշխատանքը ոչ միայն արտիստական հետազոտություն է և հուշարձան արևմտահայ լեզվի և պոեզիայի, այլ նաև իմաստի և էության հարցադրում։ Այն ինչ տեսնում ենք և զգում պոեզիայի միջոցով ձգտում է ամբողջական արտահայտման։

Արվեստագետը արևմտահայ պոեզիան ներկայացնում է ոչ միայն գրավոր, այլ նաև մարմնավորած կենդանի ձայնի միջոցով։

Պոեզիան մենք կարդում ենք գրքերում, այն պահպանվում է գրի, գրառման միջոցով։ Գրի կրկին վերափոխումը խոսքի նման է ալքիմայի։ Դժվարությունն այն է, որ պետք է լինի հնարավորություն գրավոր տեքստի արձանագրած բառերի օգնությամբ պահպանել ասվածի ողջ իմաստը, շունչը, ռիթմը, շեշտադրումը, որպեսզի տեքստի միջոցով ասվածը կրկին հնչի «այստեղ և հիմա»։ Գրավոր տեքստի ամբողջական իմաստը վերականգնվում է, երբ ինչ-որ մեկը սկսում է այն բանավոր կարդալ՝ մարմնապես զգալով վերածում է խոսքի:

Բայց ինչո՞ւ պոեզիան, ի՞նչ ճանապարհով են ուղղորդում բանաստեղծները։ Արվեստագետը հավատում է, որ ցանկացած մարդ իր ներսում ունի ստեղծագործելու շնորհ, այդ թվում՝ բանաստեղծելու, և ճիշտ միջավայր ստեղծելով հնարավորություն ենք ստեղծում այն արթնացնելու։

Նախագծի առաջին փուլում մասնակիցներին առաջարկվեց յոթ արևմտահայ բանաստեղծներից հատվածներ, որոնք պետք է շարունակեին բոլոր կամեցողները, այնուհետև վերածվելով աուդիո ընթերցումների․ Ահա այն․

Գոհար Սարգսյանը լեզվի և խոսքի աղավաղման տեխնոլոգիական դարածրջանում մեզ է հասցնում զուտ պոեզիայի երևույթը, առաջարկում պոեզիայի ըմբռնման բարդ ուղին, կապում մեր ներկան և ապագան հիշողության հետ, վերականգնում արևմտահայերենի հետ հաղորդակցումը։

Բայց ամենաէականը Գոհար Սարգսյանի նախագծում․ այն հնարավոր է դարձնում պոեզիայի հետ դժվարին, բայց ոչ անհնարին հաղորդակցությունը։

Վարդան Ջալոյան