Home / Կրթություն / Գաղութատիրություն, թե՞ քաղաքակրթություն

Գաղութատիրություն, թե՞ քաղաքակրթություն

Ստանալ [նվեր] առանց վերադարձնելու կամ ավելին տալու նշանակում է ենթարկվել, դառնալ հաճախորդ և ծառա, դառնալ պակաս և ստորադաս:

Մարսել Մոսս. «Էսսե նվերի մասին»

Հայաստանի այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոսը համարվող Նժդեհի բրոնզե արձանը Երևանի կենտրոնում հանդիսավոր կերպով բացվեց 2016 թվականի մայիսի 28-ին։ Արձագանքը չուշացավ։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մ․Զախարովան նշեց․ «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորին հայտնի է։ Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն, այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին»։

Հիշողության քաղաքականության ոլորտում Հայաստանը միշտ էլ ունեցել է տարաձայնություններ պուտինյան պաշտոնական պատմական քաղաքականության հետ։ Հիմնական դժգոհությունը կապված է խորհրդայնացման տարիներին տարածքային նշանակալի կորուստների հետ։ Ընդհանրապես, 20-րդ դարի սկզբին ձևավորված հայկական ազգայնականության ավանդույթը ոչ միշտ է եղել լոյալ կամ բարեհաճ ռուսական կայսերական պատմական նախագծի նկատմամբ։ Վերջին իրադարձությունները՝ հատկապես արցախահայության բռնագաղթը, կարող էին միայն ավելի խորացնել այդ տարաձայնությունները։ Բայց այս նոր տարաձայնությունները ունեն նոր գաղափարախոսական ուղղվածություն, դրանք ուղղված են խորհրդահայ պատմական կարծրատիպերի հաղթահարմանը։

Ռուսաստանն իր բազմաթիվ արտաքին քաղաքական բախումների ֆոնին էլ ավելի է խստացնում իր պատմական քաղաքականությունը։

2024 թ․ մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով հաստատել է պատմական կրթության ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքները։ Այն «սահմանում է պատմական կրթության ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության իրականացման նպատակները, հիմնական սկզբունքները և մեխանիզմները»: Հրամանագրում կա մի կետ, որը կարող է առնչվել հայաստանյան պատմական դասագրքերին։ Նշվում են ռուսական պատմական հիշողության վտանգները, որոնց թվում՝ «օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի պատմական ավանդի ժխտմանը կամ նսեմացմանը», ինչպես նաև «պատմական հիշողությունը դեֆորմացնելու և պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու փորձերին», «Ռուսաստանի մասին կեղծ գաղափարներ տարածելուն»:

Հենց այս համատեքստում է հարկավոր հասկանալ ՌԴ ԱԳՆ տարած հայտարարությունը, որտեղ կոչ է արվում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում. «8-րդ դասարանի պատմության նոր դասագրքը խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է՝ այս դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։

Հայաստանյան իշխանությունները ընդառաջ են գնացել և փոխել են վիճահարույց վերնագիրը։ Դասագրքի համահեղինակ Սմբատ Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե դասագրքի նախնական տարբերակը փոփոխվել է, աղմուկի պատճառ դարձած հատվածը, որ վերնագրված էր «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին», հիմա դարձել է պարզապես «Արևելյան Հայաստանը և ռուս-պարսկական պատերազմները»։ Որոշ հայաստանյան պատմաբաններ արդեն նշել են, որ բռնակցվել են Պարսկաստանի հյուսիսային նահանգները, այդ թվում Երևանի խանությունը, այլ ոչ թե Արևելյան Հայաստանը, որը համարժեք քաղաքական եզր չէ։

Այս իրադարձություններին հաջորդել է Վ․Պուտինի պաշտոնական այցը Ադրբեջան․ սա ևս մեկ համատեքստ է։ Այն հասկանալի է․ Ադրբեջանը բարեկամական պետություն է, իսկ Հայաստանը՝ ոչ, իր արևմտամետ քաղաքականության պատճառով։

Ադրբեջանը վարում է սեփական պատմական քաղաքականությունը, որի առանցքը հակառուսականությունն է։ Թուրք հետազոտող Յասեմին Քըլիթ Աքլարը Ադրբեջանում պատմության դասավանդման վերաբերյալ իր աշխատության մեջ եզրակացնում է, որ ադրբեջանական պատմության պաշտոնական դասագրքերը կարող են ատելություն և էթնիկ ու ազգային գերազանցության զգացում սերմանել ռուսների նկատմամբ: Նրա հաշվարկներով՝ պատմության 391 էջանոց դասագիրքը ռուսներին 119 անգամ թշնամի է անվանում։

Համաձայն «Ռուսաստանի և հետխորհրդային երկրների ժողովուրդների ընդհանուր պատմության լուսաբանումը նորանկախ պետությունների պատմության դպրոցական դասագրքերում» գրքում հրապարակված զեկույցի, ադրբեջանական դպրոցներում դասավանդվում է ազգայնական պատմություն՝ հիմնված բնիկության, նախահայրենիքի, լեզվական շարունակականության, փառապանծ նախնիների, էթնիկ միատարրության, երդվյալ թշնամու մասին առասպելների վրա։ Որպես թշնամի օգտագործվում են Ռուսաստանի և ռուսների պատկերները։ Ռուսների ցանկացած արարք, ցանկացած մտադրություն, ամեն մի ռուս կոնկրետ անհատ նկարագրվում են բնորոշ էպիտետներով՝ «դաժան», «դավաճան», «ագահ»: [Ըստ Վիքիպեդիայի «Русофобия» հոդվածի]։ Նկատեմ, որ վերոհիշյալ հոդվածում նշվում է ռուսատյացության բացակայությունը Հայաստանում, որի կոնկրետ արտահայտությունն է հանդուրժողականությունը ռուսաստանյան ռելոկանտների նկատմամբ։

Ռուսաստանի ՆԳՆ 2024 թվականի նոր ռազմավարության նախագծում տեղ է գտել նաև ռուսաֆոբիայի սահմանումը.

«Ռուսոֆոբիան անբարյացակամ, կողմնակալ, թշնամական վերաբերմունք է Ռուսաստանի քաղաքացիների, ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ, որն արտահայտվում է, ի թիվս այլ բաների, առանձին ներկայացուցիչների և քաղաքական ուժերի ագրեսիվ վերաբերմունքով և գործողություններով, ինչպես նաև խտրական գործողություններով Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական պետությունների իշխանությունների կողմից»։

«Անբարյացակամ վերաբերմունքը» մատնանշում է՝ ռուսաֆոբիան այլատյացության մասնավոր դեպք է հանդիսանում։ Այն միայն լրացվել է «Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամ պետությունների իշխանությունների կողմից խտրական գործողություններ» կետով։ Սահմանումից Meduza հրատարակությունը եզրակացրել է, որ այլ պետությունների իշխանությունների կողմից ռուսների նկատմամբ խտրականությունը, ըստ ՆԳՆ-ի, չի համարվում ռուսաֆոբիա։ Ադրբեջանում ռուսատյացություն չկա, որովհետև Ադրբեջանը բարեկամ պետություն է, իսկ Հայաստանում կա, որովհետև ոչ բարեկամ պետություն է։

Դիտարկենք երկու հիմնական տերմինների տարբերությունը՝ «օկուպացիա» և «գաղութացում»: Երկուսն էլ նկարագրում են մի իրավիճակ, երբ օտար կառավարությունը ռազմավարական, տնտեսական կամ այլ պատճառներով հարկադրաբար որոշակի տարածք է վերահսկում: Բայց օկուպացիան սկզբունքորեն տարբերվում է գաղութացումից այն հետևանքներով, որոնք բերում է այդ տարածքում ապրող ժողովրդի համար։

Օկուպացված երկիրը կրում է խեղում, նվաստացում, բռնություն, բայց ենթադրվում է, որ ինքնության պատմական անընդհատությունն այդ երկրում չի խախտվել: Զավթիչը եկավ, տիրեց ու գնաց, բայց միաժամանակ անփոփոխ թողեց հասարակության կամ ազգի էությունը։

Գաղութացումն, ընդհակառակը, այլ կերպ է աշխատում. գաղութատիրությունը կա՛մ համարյա ամբողջապես ոչնչացնում է տեղական բնակչությանը, կա՛մ ինտեգրում է այն գաղութային տերության տնտեսական, սոցիալական և քաղաքական հարաբերություններին, ինչը հետք է թողնում ինքնության ամենախոր մակարդակի վրա:

Հայաստանի դեպքում մենք հատկապես գործ ունենենք այս տարբերակի հետ։ Ռուսաստանը պարզապես չի գրավել, այլ բերել է հայ ժողովրդին քաղաքակրթության բարիքներ, ի վերջո նրան «փրկել է» ոչնչացումից։ Այս դիսկուրսը հատկապես ամրապնդվել է Ստալինի իշխանության վերջին տարիներին, երբ ցարիզմի գաղութային քաղաքականության քննադատությունը նույնացվեց հակախորհրդային ազգայնականության հետ։

Որպես օրինակ կարելի է բերել Ակսել Բակունցին, որը եղել է ցարական գաղութային քաղաքականության խիստ քննադատ։ Հայ դասականի այս դիքորոշումը կոշտ մերժվել է։ Խորհրդահայ գրականագետ Պիոն Հակոբյանը գրում է․ «Ակսել Բակունցն, իբրև գրականության պատմաբան և աբովյանագետ, այս խնդրում լիովին հավատ է ընծայել պաշտոնական պատմագրության մեջ տիրող այս վարդապետության սխալ ըմբռնումներին և որդեգրել դրանք։ Նրա մտքի թռիչքը, ցավոք, կաշկանդել են գռեհիկ սոցիոլոգիզմի այսօրինակ պարտադրումները, և նա հայ և ռուս ժողովուրդների սոցիալ-քաղաքական-մշակութային արգասավոր առնչությունները ու Աբովյանի անձնական ողբերգությունը մի կողմ թողած՝ հիմնականում խոսում է ցարական տիրապետությունից Աբովյանի խոր հիասթափության մասին, հակասելով երբեմն և՛ իրեն, և՛ պատմական ճշմարտությանը»։ [Ակսել Բակունց․ Երկեր, 4 հատորով, հատոր  IV. ―Եր․։ ՀՍՍՀ ԳԱ հրատ․,  1984 թ․ էջ 537-538]։

Ամենից հաճախ բնակչության այս էական վերափոխումը ներկայացվում է արդիականացման բանալիում։ Ավանդաբար, գաղութարարն օրինականացնում է իր գերակայությունը առաջընթացի՝ քաղաքկրթության շնորհի միջոցով՝ նյութական, սոցիալական և մշակութային: Հայաստանը ստացել է «արդիականության նվերը» և «համաշխարհային մշակույթի ընծան» ոչ թե համաեվրոպական պատմության մեջ իր ներգրավվածության շնորհիվ, այլ նվաճողի՝ Ռուսաստանի միջնորդությամբ։

Ստացել ենք «արդիականության նվերը», չենք վերադարձրել և ավելինը չենք տվել, հետևաբար՝ «ենթարկված ենք, հաճախորդ և ծառա, պակաս և ստորադաս»: Սա դիլեմա է՝ քաղաքակրթության բարիքի և գաղութատիրության չարիքի միջև, որ դեռ լուծում է Հայաստանի պատմական գիտությունը։

Վարդան Ջալոյան