հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Չեմ հիշում, ցուցմունքումս կա»․ Շանթ Հարությունյանը կոչ արեց ոստիկանին տուն ուղարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չեմ հիշում, ցուցմունքումս կա»․ Շանթ Հարությունյանը կոչ արեց ոստիկանին տուն ուղարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շանթ Հարությունյանի գործով ցուցմունք տվող ոստիկաններն իրենց պատասխաններով զվարճացնում էին դատարանի դահլիճում ներկաներին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամեն կերպ փորձում էր օգնել ոստիկանության աշխատակիցներին խուսափել անցանկալի հարցերից։

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների հերթական դատական նիստը սկսվեց 35 րոպե ուշացումով։ Դատական նիստերին մշտապես այցելող մարդիկ դրան արդեն սովորել են․ մեղադրյալների հարազատները հիմնականում սկսեցին հավաքվել 12։30-ի մոտ, իսկ լրագրողները թեև հայտարարված ժամին՝ 12։00-ին մտան դատարանի դահլիճ, սակայն գիտեին դատական «ավանդույթի» մասին ու չէին շտապում զբաղեցնել տեղերը։ Լրագրողական խմբերից մեկում քննարկում էին՝ արդյոք այսօրվա նիստին կհարցաքննվի Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով մեղադրյալների ձերբակալման օրը՝ 2013 թվականի նոյեմբերի 5-ին, ղեկավարում էր ոստիկանների գործողությունները։ Նախորդ նիստին որպես տուժող անցնող Օսիպյանին դատարան չէին հրավիրել, թեև նա 4-րդ համարի տակ էր անցնում, իսկ առաջին 3-ը մինչ այդ հարցաքննվել էին։ Այսօրվա նիստի առաջին հատվածում Օսիպյանը նույնպես չկար, չնայած նախորդ նիստերին Շանթ Հարությունյանը բազմիցս խնդրել էր հրավիրել բարձրաստիճան պաշտոնյային՝ նշելով, որ ցանկանում է խոսել իր և Օսիպյանի նոյեմբերի 5-ին կայացած զրույցի մասին։

Այսօրվա նիստի մեկնարկին դատավոր Մնացական Մարտիրոսյանը բարյացակամ գտնվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ՝ թույլ տալով վերջինիս խոսափողը տեղադրել ամբիոնին․ մինչ այդ կարգադրիչները կոպիտ ձևով մերժում էին լրագրողին՝ ասելով․ «Շուտ գայիր, անեիր, մենք չենք տանելու [խոսափողը], դու էլ չես կարա գնաս»։

Դրանից հետո, սակայն, քաղաքական աղմկահարույց բազմաթիվ գործեր քննած, մեղմ ասած, խնդրահարույց համբավ ունեցող Մարտիրոսյանը բարյացակամ էր միայն որպես տուժող անցնող ոստիկանների նկատմամբ։ Դատավորն անընդհատ օգնում էր վկայություն տվող ոստիկաններին, հանում էր նրանց համար անցանկալի հարցերը, իսկ երբ վերջիններս «տուպիկի» մեջ էին հայտնվում, ինքն էր հստակեցնում հարցը՝ հաճախ ուղղորդելով պատասխանողներին։

Որպես տուժող անցնող ոստիկանները մտնում էին դահլիճ ու ակնհայտորեն անգիր արած տեքստ էին ներկայացնում՝ մեկը մեկին փորձելով կրկնել սեփական նախաքննական ցուցմունքներն ու նախորդ նիստին ցուցմունք տված ոստիկաններին։ Հիմնականում կրկնվում էին «հարվածեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններին», «չկատարեցին ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները», «պայթուցիկներ նետեցին ոտքերի տակ» արտահայտությունները։ Խնդիրներ էին առաջանում այն ժամանակ, երբ փաստաբաններն ու ամբաստանյալները սկսում էին հարցեր ուղղել ոստիկաններին։ Նրանցից առաջինը՝ Ազիզ Միրզոյանը, արագ ավարտեց ցուցմունքը, և Շանթ Հարությունյանը հորդորեց ներկաներին հարցեր չուղղել, որից հետո ոստիկանը հեռացավ։ Սակայն երկրորդ ոստիկանի՝ Ռազմիկ Խառատյանի դեպքում, հարցերի հեղեղ տեղաց, ու նախօրոք տեքստն անգիր արած ոստիկանն ակնհայտորեն սկսեց շփոթվել։

Ցուցմունքում Խառատյանը նշեց, որ կանգած է եղել դեպքի վայրից 25 մետր հեռավորության վրա, երբ լսել է պայթուցիկների ձայները ու մոտեցել երթին։ Նրա խոսքով՝ ինքը լսել էր, թե ինչպես են ոստիկանները հորդորում երթի մասնակիցներին մայթ բարձրանալ ու չխախտել հասարակական կարգը։ Հարցին, թե ինչպես է ինքը լսել 25 մետր հեռավորությունից մի բան, որը չեն ֆիքսել տեսախցիկները, ոստիկանը պատասխանեց․ «Էդ կամեռաների խնդիրն ա»։

Նրա պատասխանները ծիծաղ էին առաջացնում դահլիճում, ինչ-որ պահից սկսեցին ծիծաղել նաև ոստիկաններն ու դատական կարգադրիչները։ Հասկանալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից՝ երիտասարդ ոստիկանը սկսեց ավելի հաճախ պատասխանել՝ չեմ հիշում, հիմա չեմ կարող ասել։ Հարցերի տարափը շարունակվում էր, ու Խառատյանը, կարծես, «նադայել ըլնելով», դրանցից մեկին պատասխանեց․ «Չեմ հիշում, ցուցմունքումս կա, նայեք», որից հետո սկսեցին ծիծաղալ թե մեղադրյալները, թե դահլիճում ներկաները։ Ոստիկանին մի քանի անգամ օգնության հասավ Մարտիրոսյանը՝ հանելով մի քանի հարց։ Դատավորը հատկապես ակտիվ էր գործում, երբ հարցեր էր տալիս ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը։ Վերջինիս որպես տուժող անցնողներից հետաքրքրվում էր՝ արդյոք ոստիկանները իրավունք ունեն ծառայություն իրականացնել քաղաքացիական հագուստով, սակայն բոլոր դեպքերում Մարտիրոսյանը հանում էր հարցը։

Իսկ Խառատյանը ևս մի քանի անգամ ստիպեց դահլիճում ներկաներին ծիծաղել։ Մասնավորապես, հարցին, թե ինչպես ինքը հասկացավ, որ հայհոյանքները ոստիկանները չէին հնչեցնում, նա կարծիք հայտնեց, որ ոստիկանները չեն կարող հայհոյել։

Վերջիվերջո, Շանթ Հարությունյանը հորդորեց իր ընկերներին «տղուն չնեղել», ու թույլ տալ, որպեսզի ոստիկանը տուն գնա։

Հաջորդ ոստիկաններն իրենց ցուցմունքներում նույն տեքստն էին կրկնում։ Իմ հետևում նստածներից մեկն ասաց․ «Հիմա կասի պայթուցիկ նետեցին ոտքիս տակ, աչքերս մրմռացին, բայց շատ ուժեղ չէր ու բժշկի չեն դիմել»։ Դրանից անմիջապես հետո ոստիկանը գրեթե նույնությամբ կրկնեց արտահայտությունը։

Մեղադրյալ Վարդան Վարդանյանը ոստիկաններից մեկին հարցրեց, թե ինչ դրոշներ են իրենք ունեցել այդ օրը։ Ոստիկանը վստահեցրեց, թե երթի մասնակիցները միայն եռագույն դրոշներ ունեին, ինչին Վարդանյանը պատասխանեց, թե իրենք ընդհանրապես դրոշներ չեն ունեցել։

Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Արմեն Մելիքբեկյան