Գլխավոր / Տեսանյութեր / Պաշտպանության կարիք ունի. իրավապաշտպանը պնդում է՝ իր դեմ կեղծ քննություն է սկսվել

Պաշտպանության կարիք ունի. իրավապաշտպանը պնդում է՝ իր դեմ կեղծ քննություն է սկսվել

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն իր դեմ սկսված քրեական հետապնդումը համարում է իր իրավապաշտպանական գործունեությունը ճնշելու փորձ: Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար պատրաստվում է բաց նամակով դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային՝ ակնկալելով նրանց միջամտությունը: Պողոսյանը պատմել է, որ իր և իրեն դիմած տուժողների` ՀՀ ոստիկանապետին ուղղված նամակները մնացել են անպատասխան, գլխավոր դատախազը ևս հրաժարվել է հանդիպել իրենց: 

«Վելես» ՀԿ-ն զբավում է վաշխառության, ֆինանսական խարդախությունների և բուրգերի զոհ դարձած անձանց իրավունքները պաշտպանելով և այս պահին ունի մոտ 100 գործ դատարաններում: ՀԿ֊ի տվյալների համաձայն` վաշխառությամբ է զբաղվում ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, որը, ըստ Պողոսյանի, փորձում է վրեժ լուծել իրենից։ Իրավապաշտպանը նշել է, որ Երիցյանը,  ոստիկանության վեցերորդ վարչության պետի հետ կապերը օգտագործելով, հաղորդում է տվել իր դեմ: Ըստ նրա հաղորդման՝ Պողոսյանը շորթել է ոմն Վարդան Գինոսյանի տունը, ով, սակայն, հետագայում հերքել է, թե նման բան է տեղի  ունեցել: Այնուամենայնիվ, իրավապաշտպանի դեմ բողոքը վարույթում է գտնվում:  

Բացի դա, Պողոսյանն ասել է, որ դեռևս գարնանը Երիցյանի խումբն իր ավտոմեքենայի մեջ թմրանյութեր է նետել։ Իրավապաշտպանը  թմրանյութը դուրս է նետել մեքենայից։ Ըստ Պողոսյանի, թմրանյութ պահելու մեջ իրեն մեղադրելու հիմք չունենալով, Երիցյանը Պողոսյանի դեմ սուտ ցուցմունք է տվել՝ շորթման մեջ մեղադրելով: 

Համաձայն ՀԿ֊ի ղեկավարի, Երիցյանի խմբի ռազմավարությունը հետևյալն է. վաշխառուների միջնորդները գտնում են ծանր կացության մեջ գտնվող քաղաքացիների, որոնց առաջարկվում է գումարի վաշխառում՝ ամսական բարձր տոկոսադրույքով: Հաճախ որպես գրավ անշարժ գույք  դնելու անվան տակ՝ այդ մարդկանց ստորագրել են տալիս անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, ինչը թույլ է տալիս հետագայում տիրանալ մարդու գույքին:

«Իմ դեմ տարվող հետաքննությունը կեղծ է [նկատի ունի շորթելու մեղադրանքը] և գտնվում է փակուղու մեջ, և քննիչներն ինձ առաջարկել են կարճել գործը։ Սակայն ես կտրականապես հրաժարվել եմ «բարի կամքի»  նման դրսևորումից և պահանջում եմ, որ գործը ընթացք ստանա, իսկ մեղավորները, հատկապես՝ կեղծ ցուցմունք տված և ինձ բարոյական վնաս հասցրած անձինք պատժվեն օրենքի ողջ չափով»,- ասել է Պողոսյանը: 

«Վելեսի» ղեկավարը նշում է, որ դա միայն վաշխառության գործ չէ, ինչը ինքնին հանցագործություն է, այլ նաև կոռուպցիայի: 

«Պատահական չէ, որ այդ հանցավոր խմբի անդամները սովորական մարդիկ չեն կամ բիզնեսմեններ, այլ նախկին պաշտոնյաներ են,  ովքեր հիմա մեծ գումարներ են ներդնում վաշխառությամբ զբաղվելու համար: Ակնհայտ է, որ պետության փողերի լվացմամբ են տեր դարձել այդ հարստությանը»,- ասել է Պողոսյանը:

Պողոսյանի գործով զբաղվող քննիչ Պարույր Աղաբաբյանը Epress.am-ի հետ զրույցում հրաժարվել է որևէ բան ասել գործի քննության մասին՝ պատճառաբանելով, որ այն գտնվում է նախաքննության փուլում՝ Քննչական կոմիտեի վարույթում: 

Նշենք, որ Հովհաննես Երիցյանի հետ կապված գործերից մեկին անդրադարձ է կատարել forrights.am կայքը։ Մանրամասները՝ այստեղ։