ԱՄՆ֊ն անհանգստացած է սպառազինությունների կուտակման փաստով, ինչը սպառնում է խաղաղությանը և արդյունավետ բանակցություններին»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանատանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են անկեղծ Մոսկվայի խաղաղար ջանքերն այն դեպքում, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին:
Երեկ երեկոյան Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, իր անհանգստությունը հայտնելով սպառազինությունների կուտակման փաստի առնչությամբ, միաժամանակ ընդգծել է․«Մենք շատ սերտորեն ենք աշխատում ռուսների հետ, ես հաճախ եմ հանդիպում ռուսաստանցի համանախագահի հետ Մինսկի խմբի շրջանակներում: Չնայած աշխարհի այլ կետերում ունեցած մեր տարաձայնություններին, այս հարցում մենք համաձայնության եկել ենք, մենք ցանկանում են համակարգել մեր դիվանագիտությունը, աշխատել միասին, և ես հույս ունեմ, որ որպես միջնորդներ կկարողանանք հասնել խնդրի երկարատև կարգավորման»։
Ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե արդյոք ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկո՞ւմ են Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զինտեխնիկա վաճառելու հարցը և դրանից բխող վտանգները, Ջեյմս Ուորլիքն ասել է, թե դա այն հարցը չէ, որով համանախագահները պետք է անմիջականորեն զբաղվեն, բայց իրենք խոսում ենք այն բռնությունների մասին, որոնք տեղի են ունենում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք անհանգստացած ենք տեղի ունեցող բռնությունների, մահերի և վիրավորների առկայության փաստով: Եթե ցանկանում ենք հասնել երկարատև խաղաղության, ապա բռնություններին պետք է վերջ դրվի և հրադադարը պետք է հարգվի», – մասնավորապես, ասել է ամերիկացի համանախագահը: