ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքով զբաղվող երկու կազմակերպություններ պայքարում էին քառորդ միլիոն դոլարի դրամաշնորհի համար։ Նախորդ տարիներին նրանք միմյանց հետ համագործակցել են, սակայն դրամաշնորհային գումարների կտրուկ կրճատումից հետո սկսվել են խնդիրները: Միջազգային «Գլոբալ» հիմնադրամի կողմից ընտրված Հայաստանում գործող կազմակերպությունը 245 հազար դոլարը տրամադրում է «Դրական մարդկանց հայկական ասոցիացիա» ՀԿ֊ին: Այդ որոշումը վիճարկում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ֊ն, ըստ որի մրցութային հանձնաժողովի անդամները կողմնակալ են եղել և չեն ունեցել ծրագրերի գնահատման համար բավարար մասնագիտական պատրաստվածություն: Բացի դա, ըստ կազմակերպության, գոյություն ունի շահերի բախում. դրամաշնորհը բաշխող կազմակերպությունում աշխատում է Առողջապահության նախարարի կինը, իսկ հաղթած ՀԿ-ն կապում են նախարարության ենթակայության տակ գտնվող ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի հետ:
նախարարություն-ՁԻԱՀ-ի կենտրոն-հաղթած ՀԿ կապը
«Իրական աշխարհ, իրական մարդիկ»֊ի և «Դրական մարդկանց հայկական ցանց»-ի ներկայացրած ծրագրերը գնահատող հանձնաժողովի անդամներից մեկը ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կենտրոնի ներկայացուցիչն է եղել: Վերջինս առավել բարձր է գնահատել «Դրական մարդկանց հայկական ցանց»-ի ներկայացրած ծրագիրը, որի շնորհիվ էլ մրցույթում հաղթել է այդ կազմակերպությունը: Մյուս ՀԿ-ի ղեկավար Սեմ Թադևոսյանն անարդար է համարում հանձնաժողովում Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող ՁԻԱՀ-ի կենտրոնից մասնագետի ընդգրկելը: Նրա պնդմամբ՝ հաղթած ՀԿ-ի բոլոր հիմնադիրները եղել են ՁԻԱՀ-ի կենտրոնից՝ հետևաբար կենտրոնի ներկայացուցիչը չէր կարող օբյեկտիվ գնահատական տալ: Ակնհայտ շահերի բախումը, ըստ Թադևոսյանի, հանձնաժողովը կազմելու ժամանակ անտեսվել է:
«Առաջին անգամ մրցույթի հաջորդ փուլ չանցանք, ինչ-որ փաստաթղթեր էին պակաս, հետո, իհարկե, մենք ներկայացրինք դրանք: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ովքեր են եղել հանձնաժողովում, պարզվեց, որ հանձնաժողովի անդամներից ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետը եղել է «Դրական մարդկանց հայկական ցանց» հ/կ-ի հիմնադիրներից մեկը: Մեր արձագանքից հետո մրցույթը չեղյալ համարվեց ու նոր մրցույթ հայտարարվեց: Իսկ այդ հանձնաժողովի անդամը բացատրական է գրել՝ հիմնավորելով, թե իբր ինքը չի հիշում, որ այդպիսի ՀԿ-ի հիմնադիր է: Սա անտրամաբանական է. դու հիմնադրես մի բան ու հետո մոռանաս դրա մասին», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սեմ Թադևոսյանը:
Նոր հանձնաժողովում, ըստ Թադևոսյանի, ընդգրկեցին մի մասնագետի, ով «պրակտիկ բժիշկ է և բավարար գիտելիք և հմտություն չունի ծրագրային առաջարկ գնահատելու համար»:
«Բացի դա, նրա անգլերեն լեզվի իմացությունը բավարար չէ ներկայացված փաստաթղթերը ընկալելու և գնահատելու համար: Սա նշանակում է, որ ինքը կա՛մ նախապես հրահանգով է կատարել գնահատումը, կա՛մ իր փոխարեն ինչ-որ այլ անձ է դա արել», – նշել է ՀԿ-ի ղեկավարը:
Գնահատող հանձնաժողովի մյուս անդամը՝ «Առաքելություն Արևելք»-ը (այս կազմակերպությունն է բաշխում դրամաշնորհը) նույնպես կապվում է Առողջապահության նախարարության հետ. կազմակերպության ծրագրերի իրականացման խմբի ղեկավարը Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կինն է՝ Ելենա Ամիրխանյանը:
Ըստ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ֊ի՝ նախարարությունը և ՁԻԱՀ-ի կենտրոնն արել են ամեն ինչ իրենց ուզած կազմակերպությանն անցկացնելու համար:
«Այս պահին գործը քննվում է, կազմվել է հանձնաժողով, կա վերահսկիչ մարմին, դեռ սպասում ենք այդ պատասխանին: Բայց մենք գնալու են մինչև վերջ արդարությունը դուրս բերելու համար», – ասել է Թադևոսյանը:
«մենք ոչ մեկին չենք ծեծել»
«Դրական մարդկանց հայկական ցանց»-ի նախագահ Անահիտ Հարությունյանը պնդում է՝ շահերի բախման մասին խոսք չկա: Իրենց ծրագրի առավելությունը, ըստ Հարությունյանի, այն է, որ առաջարկվել է «ավելի ցածր գին, ավելի բարձր մարդկային ծածկույթ»:
Մասնավորապես, հաղթած ՀԿ֊ն պատրաստ է 245 հազար դոլարով ապահովել 1300 մարդու խնամք և աջակցություն, մինչդեռ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ֊ի ծրագրում նշված է, որ իրենք պատրաստվում են խնամք և աջակցություն տրամադրել 1100 մարդու 268 հազար դոլարով։
Epress.am֊ի հետ զրույցում Հարությունյանը հաստատել է, որ առաջին մրցույթի հանձնաժողովի անդամներից մեկը եղել է իրենց ՀԿ-ի հիմնադիրներից մեկը, սակայն, նրա խոսքով, դա որոշիչ դեր չէր կարող ունենալ. «Այդ մարդը երբևիցե մեզ մոտ չի աշխատել և ֆինանանսապես ոչինչ չի ստացել: Դե ՀԿ-ի հիմնադրումից հետո անցել է 10 տարի, էդ ժամանակ, քանի որ պետռեգիստրում որոշակի մարդկանց ցուցակ էր պետք, իսկ էդ պահին մեր կազմակերպության անդամները չկային, ինքը գնացել է որպես հիմնադիր, բայց դա համարե՞լ շահերի բախում», – ասել է Հարությունյանը, ով նույնպես ձայնգրում էր լրագրողի հետ զրույցը:
Ներկայացրած ծրագրին կազմակերպությունը կցել է նաև 98 ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից ստորագրված աջակցության նամակ: «Մենք անհատապես հատուկ զրույցել ենք մեր շահառուների հետ, ասել ենք, որ մեզ պետք են ձեր անձնագրային տվյալները: Բացառվում է, որ մարդը չիմանալով տվյալներ տար: Մարդ կա ստորագրել է, բայց տվյալ չի տվել», – ասել է հաղթած ՀԿ-ի անդամ Նաիրա Զաքարյանը:
Կազմակերպության նախագահն էլ հավելել է. «Դե հա, հնարավոր է, մարդ է եղել, որ չի հասկացել՝ ինչ է, ու ստորագրել է, բայց դե մեզ վստահել է, չէ՞, մենք ոչ մեկին չենք ծեծել, ոչ մեկը բարոյական իրավունք չունի առանց փաստերի մեզ մեղադրի»:
ստորագրել են տվել
Epress.am-ը հանդիպել է ՄԻԱՀ-ով ապրող անձի, ում տվյալներն ու ստորագրությունը եղել են հաղթած կազմակերպության աջակցող նամակում: Նա պատմել է, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում իրեն են մոտեցել երկու հոգի՝ ներկայանալով որպես «Դրական մարդկանց հայկական ցանց»-ի աշխաատակիցներ և ստորագրել են տվել մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ՄԻԱՎ-ով ապրողին չեն ծանոթացրել:
«Այդ աղջիկները ինձ հարցրել են, թե անձնագիրս մոտս է, թե ոչ։ Ասեցին՝ բա մենք ստուգումներ են անցկացնում, ձեր անձնագիրը և ձեր ամուսնունը պետք են։ Իրենց մոտ մեծ ցուցակ կար: Գրանցեցին իմ ու ամունսուս անձնագրի սերիաները, ես էլ ստորագրել եմ: Հետո էդ աղջիկը ասաց՝ մենք շտապում ենք, հետո տեղյակ կպահենք: Ինձ տեղյակ չեն պահել հետո ոչնչի մասին։ Ես հետո զանգել եմ «Դրական մարդկանց հայկական ցանց» ու ասել, որ անձնագրիս սերիան վերցրել են: Իրանք էլ ասացին, որ դա նրա համար է, որ իմանանք, ով է գալիս մեր կազմակերպություն, ով է օգտվում, բայց ես ասացի, որ իրենց կազմակերպությունից չեմ օգտվել։ Դե, ասաց, ոչինչ, սրանից հետո մենք ձեզ կօգնենք: Փաստորեն, ես չեմ իմացել՝ ինչ եմ ստորագրել: Ահագին ժամանակ էր անցել, նոր ես զանգել եմ, իմացել՝ ինչի համար եմ ստորագրել», – ասել է ՄԻԱՎ-ով ապրողը, ով գերադասել է անանուն մնալ:
մրցույթն անցկացնողն ասում է, թե չեզոք է
Դրամաշնորհը բաշխող «Առաքելություն արևելք» կազմակերպությունից Epress.am-ին ասել են, որ պարտվող կազմակերպությունը բողոքել է՝ իր ներկայացրած ծրագրին անարդար վերաբերմունքի պատճառաբանությամբ:
«Հիմա Միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) վերահսկող մարմինը քննություն է անցկացնում՝ պարզելու եղելությունը», ֊ նշել է գրասենյակի տնօրեն Ռաֆֆի Դուդակլյանը:
Նա ասել է, որ մրցույթի ժամանակ հանձնաժողովի իրենց ներկայացուցիչը ճիշտ հավասար է գնահատել երկու ՀԿ֊ների ծրագրերը։
Վերջինս հաստատել է, որ Առողջապահության նախարարի կինը իրոք աշխատում է իրենց մոտ, սակայն ընդգծել է, որ նա կազմակերպությունում աշխատում էր նաև մինչ ամուսնու նախարար դառնալը:
տուժելու են ՄԻԱՎ-ով ապրողները
Միջոցառումները համակարգող հանձնաժողովում (ՄՀՀ), որի վերահսկող մարմինը պետք է ուսումնասիրի մրցութային փաստաթղթերը և գնահատական ներկայացնի, դեմ են եղել, որ ՄԻԱՎ հանրույթի ներկայացուցիչ Արմեն Աղաջանովը լինի հանձնաժողովի անդամ:
«Մի քանի անգամ փորձ են արել ինձ հանել, ասում էին շահերի բախում կա։ Բայց ես նշել եմ, որ իմ անունը գրացնված է երկու կազմակերպություններում՝ թե՛ «Իրական աշխարհ, իրական մարդիկ»֊ում, թե՛ «Դրական մարդկանց հայկական ցանց»֊ում։ Իսկ հիմնական դժգոհությունն այն էր, որ ես ստորագրել եմ քաղհասարակության նամակի տակ: Դա նամակ էր՝ ի սատար «Իրական աշխարհ, իրական մարդիկ»-ին: Բայց ես ոչ մեկի կողմ կամ դեմ չեմ եղել: Ինձ համար կարևորը այն էր, որ այնտեղ կային արդարությունը վերականգնելու կոչեր։ Բացի դա, ես ներկայացնում եմ ՄԻԱՎ֊ով ապրող մարդկանց հանրույթը, և ես ցանկացած կազմակերպության հետ կարող եմ ունենալ շահերի բախում», ֊ ասել է մեր զրուցակիցը:
Նախորդ շաբաթ մի շարք քննարկումներից հետո Աղաջանովին, այնուամենայնիվ, թույլատրել են մնալ հանձնաժողովի կազմում: Մարտի 14-ի հանձնաժողովի նիստում որոշվել է, որ 15-ին իրենք սկսելու են ուսումնասիրել մրցույթին առնչվող փաստաթղթերը:
«Նիստի ավարտից մի քանի ժամ հետո ինձ զանգել են քարտուղարությունից և ասել, որ վերահսկող մարմնի այն անդամը, որը չկա այս նոր ձևավորված վերահսկող մարմնում, դժգոհություն է հայտնել, թե ես ներկա եմ լինելու վերահսկող մարմնի նիստին, թեև առաջ նա դեմ չի եղել: Այդ անդամն այն ժամանակ ասել էր, թե ես երկու կազմակերպությունների շահառուն եմ, շահերի բախում չկա: Իսկ հիմա ասում է՝ դեմ է իմ ներկայությանը: Քարտուղարությունից փոխանցել են՝ նա ասել է, որ ինքը չի ընդունելու վերահսկող մարմնի կայացրած որոշումը, եթե ես մնամ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Աղաջանովը, ով դուրս է մնացել վերահսկող մարմնից:
Նա նշել նաև է, որ, չնայած ինքը գրանցված է «Դրական մարդկանց հայկական ցանց»-ում, բայց երբեք օգնություն և ծառայություններ այնտեղից չի ստացել: «Իմ տեղեկություններով՝ իրենց հաշվետվությունների մեջ կա իմ անունը, որ իբր ես ստացել եմ ծառայություններ: Բայց ես երբեք չեմ ստացել: Նաև տեղեկություններ կան, որ այլ մարդկանց կիսախաբելով անձնագրի տվյալներ են վերցրել և ստորագրել են տվել նամակի տակ, որ իբր այդ մարդիկ աջակցում են «Դրական մարդկանց հայկական ցանց»-ին», – ասել է Աղաջանովը:
Վերջինս շեշտել է, որ հարցի արդար և արագ կարգավորումը նախ և առաջ բխում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրույթի շահերից:
«Դա մեր հանրույթի համար վտանգավոր է, վերջում մենք ենք տուժելու», – ասել է Աղաջանովը:
Լուսանկարը՝ theguardian.co.uk