Home / Բանակ / Զինվորի մահվան դեպքի առթիվ մեղադրանք են առաջադրել զինակոչի հանձնաժողովի սրտաբանին

Զինվորի մահվան դեպքի առթիվ մեղադրանք են առաջադրել զինակոչի հանձնաժողովի սրտաբանին

2016թ․ մայիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի դիրքերում հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի գործով մեղադրանք է առաջադրվել զինակոչի հանձնաժողովի սրտաբանին։ Այս մասին Epress.am֊ին ասել է Մոսիյանի իրավահաջորդի՝ մոր ներկայացուցիչ, փաստաբան Անի Չատինյանը։

«Զինակոչի հանձնաժողովում եղել է մի փաստաթուղթ, որը վկայել է սրտի հետ կապված խնդիրների մասին, սակայն Մոսիյանն այդ թղթի հիման վրա ավելի խորքային հետազոտության չի ուղարկվել, այլ զինակոչվել է»,֊ ասել է Չատինյանը։

Մինչ զորակոչվելը, Սոսիյանի մոտ նկատվել է գիշերամիզություն, նաև նյարդերի հետ կապված որոշակի խնդիրներ։ Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում Մոսիյանն անընդհատ վատ է զգացել, դիմել է զորամասի բուժկետ, նրան ախտորոշել են սուր շնչառական հիվանդություններ, ջերմություն։

«Եղել է, որ հոսպիտալացրել են, եղել է, որ նշանակել են դեղորայքային բուժում»,֊ ասել է պաշտպանը։

Մոսիյանը հանկարծամահ է եղել ծառայության 10-րդ ամսում։ Նախաքննության գաղտնիքից ելնելով՝ այլ մանրամասներ Չատինյանը չի կարող տրամադրել։

Սուրեն Մոսիյանի ընտանիքը՝ մայրը և կրտսեր քույրն ու եղբայրը, ապրում է Արտաշատ քաղաքում։

Մայրը՝ Անժելա Մոսիյանը, ավելի վաղ Hraparak.am-ին հայտնել էր, որ այցելել է որդու զորամաս, զրուցել տեղի զինվորների, ինչպես նաև հրամանատարական կազմի անդամների հետ, ու պարզվել է, որ մահվան օրը` ժամը 18:00-ին, Սուրենն իրեն վատ է զգացել, սակայն նրան մինչև ժամը 22:00-ն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, անտեսել են զինվորի գանգատները, ավելին՝ տարել են դիրքեր, որտեղ էլ սրտի կաթված է ստացել ու մահացել:

«Ես մինչև կյանքիս վերջ պիտի պայքարեմ, որ ինձ տան իմ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ իմ որդուն սպանեցին, ինչո՞ւ իմ Սուրենը դարձավ Հայաստանի զոհը»,֊ ասել է նա։