Գլխավոր / Շուկա / Համերաշխության հանրությունը

Համերաշխության հանրությունը

Աննա Շահնազարյան, բնապահպան

Ոչ-բռնի անհնազանդությամբ ողողված հայաստանյան փողոցները ի ցույց են դնում մարդկային կարևորագույն որակներ, որոնց մասին մոդայիկ չէ խոսել։ Մոդան, որպես կանոն, սահմանում են հիերարխիկ կառուցվածքում իշխանություն ու բարձր կարգավիճակ ունեցողները՝ հարուստները, նրանց պատկանող կամ սպասարկող իշխանությունները, լրատվամիջոցները, իշխանամետ մտավորականները, գիտնականները, մարկետոլոգները և այլն։ Իսկ հարստացմանը նպաստող և հարստությունը պահպանող ամենածախվող ապրանքներից են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են՝ «մարդը գիշատիչ էակ է, բնությանը հակառակ չես գնա», «ջունգլիների օրենքը գերակա է», «մարդը մարդուն՝ գայլ», «եղունգ ունես՝ գլուխդ քորիր», «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր», «մարդը, ինչպես բոլոր գիշատիչները, մրցակցային գոյապայքարում է ապրում»։ Սրանք գիտակցական և ենթագիտակցական լուրջ նստվածք տվող հասկացություններ են, որոնք ընդունելի ու անառարկելի են դարձնում անհավասարության, շերտավորման, բրգային մտածելակերպի, շախմատային թագավորապաշտության, եսակենտրոնության, նարցիսիզմի և նման այլ հակամարդկային, հակաբնական պրակտիկաները, հասարակական կարգերն ու քաղաքական համակարգերը։

Հայաստանի ու հատկապես Երևանի փողոցներում իրենց համակեցությունը դրսևորող մարդիկ ցույց են տալիս համերաշխության, զորակցության, կոլեկտիվ հոգատարության, համընդհանուր ապահովության, սիրո, անծանոթի հետ հարազատի պես վերաբերմունքի, համայնքային համախմբման որակներ ու պրակտիկաներ։ Սրանք զուտ մշակութային, առավել ևս՝ էթնիկ մշակութային դրսևորումներ չեն, այլ զուտ մարդկային ու ավելին՝ հստակ քաղաքական։ Սրանք այն պրակտիկաներն են, որոնց կարոտ ենք մենք՝ Հայաստանում ապրողներս, որ շնչահեղձ ենք լինում հանրային ոլորտը մասնավորեցրած, փողն ու կապիտալը գերակա դարձրած, կապիտալիզմն ու շուկայական հարաբերությունները քաղաքական ու տնտեսական կյանքի կազմակերպման միակ ձևը պարտադրող միջավայրում։ Հանրությունը փողոցում դրսևորում է սոցիալիզմի տարրեր։

Այս մեծ ընդհանրացման նպատակը բնավ այն չէ, որ ստվերի մեր հանրության մեջ արմատացած մաչիստական, հայրիշխանական, էլիտիստական, հետերոսեքսիստական (գերակա են հետերոսեռական մարդիկ ու հարաբերությունները որոնց շրջանակներում՝ արական սեռն ու գենդերային դերը), էթնիկ սնափառության դրսևորումները, դրանք վերը նշված փողոցային համակեցության մեջ արտահայտվում են։ Գրության նպատակն է ընդգծել, որ փողոց դուրս ելած մարդկանց պրակտիկաները ցույց են տալիս այն տարրական քաղաքական կազմակերպման մոդելները, որոնց կարիքը նրանք ունեն՝ սիրո, համերաշխության ու համագործակցության (ոչ թե մրցակցության) վրա հիմնված քաղաքական ու տնտեսական համակարգի։ Այդպիսի համակարգը ենթադրում է, որ բոլորս կատարում ենք ներդրումներ (հարկեր ենք վճարում) և ընդհանուր այդ կաթսայից արդար կերպով օգտվում են բոլորը ու հատկապես առավել կարիքավորները։ Այդպիսին էր, օրինակ, կենսաթոշակային համակարգը, որ կոչվում էր «սերունդների համերաշխության» մոդել մինչև այն մասնավորեցրին ու անվանեցին «կուտակային», այդպիսին են աշխատավորների միավորումները՝ արհմիությունները, այդպիսին պետք է լինի առողջապահության, կրթության համակարգը, որ որևէ մեկը չասի, որ փող չունենալու պատճառով չի բուժվում կամ կրթություն չի ստանում։ Այսպիսի համակարգը փողը չի կուտակում, այլ բաշխում է։

Հանրությունը ցույց է տվել քաղաքական ուժերին, թե ինչ քաղաքական ու տնտեսական մոդելն է աշխատող ու ինչի կարիքը կա հենց հիմա, այս պահին ընթացող բողոքի ցույցերի համատեքստում։ Հերթը քաղաքական ուժերինն է, որ ձևակերպի սա որպես քաղաքական փոփոխությունների տեսլական ու հստակ խոստում, որ այսպիսի կյանքի համար են մարդիկ դրել իրենց մարմինները պայքարի մեջ։