Գլխավոր / ԼԳԲՏ+ / Մտածում էինք, որ չենք ապրի էլ. Սյունիքում ոստիկանների թողտվությամբ հարձակվել են երիտասարդների վրա

Մտածում էինք, որ չենք ապրի էլ. Սյունիքում ոստիկանների թողտվությամբ հարձակվել են երիտասարդների վրա

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները օգոստոսի 3-ին հարձակվել են համայնքի տներից մեկը հյուր եկած 9 երիտասարդների վրա, ծեծել են նրանց, սպառնացել, հայհոյել և վտարել։ Զոհերից երկուսը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։ Ամենայն հավանականությամբ նրանք ունեն գլխի, կողերի և քթի կոտրվածնքներ։

«Մենք բոլորս մտածում էինք, որ չենք ապրի էլ։ Եթե ինչ-որ մեկը ընկներ, այնտեղ էլ կմնար», — Epress.am-ին դեպքի մանրամասները պատմել է տուժած իրավապաշտպան, ակտիվիստ Էլվիրա Մելիքսեթյանը, որն այդ պահին նա գտնվում էր  ոստիկանության ավտոմեքենայում։

Երիտասարդները օգոստոսի 2-ին ժամանել էին իրենց ընկերոջ՝ նույն գյուղի բնակիչ Արամի (անունը փոխված է-խմբ.) տուն։ Այսօր՝ ժամեր առաջ, երիտասարդներին են այցելել երկու տղամարդ։ Նրանք դեռ ամիսներ առաջ Գորիս քաղաքում հարձակվել էին Էլվիրայի և Արամի վրա։ «Այդ ժամանակ ԼԳԲՏ-ի հետ կապված ատելության խոսքեր ասացին։ Բացի դրանից՝ Արամի՝ Թուրքիա այցելելու հետ կապված բաներ ասացին։ Ասել էին՝ դու էն Թուրքիայի շուռնուխեցի՞ն չես», — դեռ այդ ժամանակ Էլվիրան և Արամը դիմել են ոստիկանություն, մի ամբողջ օր այնտեղ էին անցկացրել, սակայն ոչ մի մեղադրյալ չէր գտնվել։

Այսօր` 20:00-ի սահմաններում, այդ մարդիկ նորից այցելել են Էլվիրային և Արամին։ «Կանչեցին Արամին զրույցի։ Մենք իրան ասացինք, որ խոսալու բան չկա, սակայն նա ներխուժել է տուն։ Քֆուր բան տվեց։ Հետո եկան Արամի բարեկամները, նրան դուրս հանեցին, որ հասկանան՝ ինչ է կատարվում։ Այդ ժամանակ շարունակում էին մեզ քֆուր տալ։ Ասում էին՝ դուրս եկեք էստեղից, մի հատ նայեք ձեր տեսքին ու հագածին, ես չեմ ուզում իմ ընտանիքը տեսնի ձեզ։ Ոնց հասկանում էի՝ ողջ գյուղն էր հավաքվել մոտ 40 հոգի, տղամարդիկ և կանայք, դեռահասներ և երեխաներ։ Հետո Արամի ախպոր դաբռոյով, կարծես, մեզ տնից հանեցին։ Մենք ճամպրուկախառը հայտնվեցինք տռասայի վրա։ Այդտեղ դիք էր։ Մեզ դիքից ուղղակի շպռտեցին, սիլաներով, քարերով, մեր երեխեքից երկուսի գլուխը ջարդված ա»։

Չնայած երիտասարդները ոստիկանություն զանգել են դեպքի հենց սկզբից, իրավապահները այնտեղ հայտնվել են միայն ժամ ու կես անց։ «Մենք, երբ գյուղի դքից իջանք, նրանք մեզ հետևում էին և քարերով հարվածում էին։ Մեկին մոտիկ հեռավորությունից քարով հարվածել են։ Արամը նրանց հիմնական թիրախն էր, եթե ինքը չփախներ…գոռում էին՝ դրան պրծցրեք։ Մեր հետևից մոտ 1 կմ քայլել են, հետևից բաներ էին շպրտում։ Ինչ մեքենա անցնում էր, մենք կանգնացնում էինք և խնդրում, որ մեզ տանեն, սակայն նրանք այդ մեքենաներին կանգնացնում էին և ասում էին՝ չկանգնեք սրանք համասեռամոլներ են, թողեք թող ռադները քաշեն»։

Ոստիկանությունը հասել է, երբ երիտասարդները վազելով փախել են հետապնդողներից։ «Ոչ մի բնակելի բան չկար, շատ վտանգավոր էր, մութ էր, ուղղակի ճանապարհի մեջտեղում էինք։ Հիմա գնում ենք բոլորս ոստիկանություն», — պատմել է Էլվիրան։ Նրա տեղեկություններով, ոստիկանությունը գյուղ չի այցելել։ Նրանց առաջարկել են նորից գնալ գյուղ, սակայն երիտասարդները պնդել են, որ գյուղ  չեն վերադառա, քանի որ իրենց ապահով չեն զգում։

Էլվիրան պատմել է նաև, որ բռնարարները ակտիվացել էին դեռ նախօրեին՝ գործի դնելով տեղացի երեխաներին։ Վերջիններս բարձրացել էին տան կտուրը և քարեր ու պայթուցիկներ էին շպռտում։ «Մեզ թվում էր՝ ուղղակի ծանոթանում են…»։ Հյուրերը ոչ մի ձևով չեն անհանգստացրել տեղացիներին՝ ոչ մի խնջույք կամ նման բան չեն կազմակերպել։ «Այսօր մենք մի պահ գնացել ենք ջուր բերելու, քանի որ ջուր չունեինք։ Մի պահ էլ անտառ ենք գնացել զբոսնելու», — պատմել է Էլվիրան։