ԱՄՆ ՄԶԳ-Ն Հայաստանին 50 միլիոն դոլար է տրամադրում
Այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքել են երկու օժանդակության համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մինչև 50 միլիոն դոլար` ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական բարեփոխումներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` տնտեսական զարգացման օժանդակության համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից Հայաստանին տրամադրվող մինչև 30 միլիոն դոլարի ֆինանսավորումը կնպաստի ավելի մրցունակ և բազմազանեցված մասնավոր հատվածի զարգացմանը: Առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող մինչեւ 20 միլիոն դոլարի ֆինանսավորումը կշարունակի օժանդակել Հայաստանի կառավարությանը առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման հարցում:
«Երկու համաձայնագրերը, որոնք մենք այսօր ստորագրում ենք, ազդարարում են մեր փոխադարձ շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը` խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը և տրամադրել համապատասխան առողջապահական և սոցիալական ծառայություններ երկրի ամբողջ բնակչությանը», - ասել է, մասնավորապես, Ջաթինդեր Չիման: