Գլխավոր / Армения / Դինքի ընտանիքի փաստաբանն ակնկալիքներ չունի Թուրքիայում անցկացվող դատավարություններից

Դինքի ընտանիքի փաստաբանն ակնկալիքներ չունի Թուրքիայում անցկացվող դատավարություններից

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի հայցի կապակցությամբ Bia News Centre-ին մեկնաբանություններ է տվել  Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը: Վերջինս նշել է, որ այս հայցով ամեն ինչ չի ավարտվելու:

«Դատական գործընթացում և Հրանտ Դինքի սպանության հետաքննության ժամանակ մի շարք իրավունքներ նույնպես ոտնահարվել են», – հայտարարել է Չեթինը:

Չեթինի խոսքով` Թուրքիայի ատյաններում գործն առաջ չի գնում:

«Եթե արդյունքի չհասնենք, ապա նոր հայցով կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – ասել է փաստաբանը:

Առայժմ Դինքի ընտանիքի փաստաբանները սպասում են հետաքննության արդյունքներին: Նրանք ակնկալում են, որ կբացահայտվեն Դինքի սպանության հետ առնչություն ունեցողներ բոլոր անձինք:

Այնուամենայնիվ, Չեթինը մեծ սպասելիքներ չունի այս հետաքննության արդյունքներից: Նրա խոսքերով` Թուրքիայում տեղի ունեցած դատավարություններն ու Դինքի սպանության հետաքննության գործընթացը հակասում են Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի դրույթներին, մասնավորապես, խախտվում են կյանքի իրավունքի, արդար դատավարության, խոսքի իրավունքի, իրավական պաշտպանության և ազգային խտրականության հետ կապված դրույթները:

Tekali Taxi