Home / Հայաստան / «Զենիթին» չօգնեցին ծախսած միլիոնները

«Զենիթին» չօգնեցին ծախսած միլիոնները

Օգոստոսի 25-ին հայտնի դարձան Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի մասնակից վերջին 5 ակումբների անունները: Անգլիական «Տոտենհեմը» սեփական հարկի տակ առանց մեծ դժվարության հաղթահարեց շվեյցարական «Յանգ Բոյզ» ակումբի արգելքը: Առաջին խաղում «Տոտենհեմը» պարտվել էր 2:3 հաշվով, սակայն պատասխան հանդիպման ընթացքում 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Փիթեր Քրաուչը, ով մրցակցի դարպասը գրավեց 2 անգամ, Ջերմեյն Դեֆոն և Գարեթ Բեյլը:

Սլովակիայի «Ժիլինան» երկրորդ խաղում էլ պարտության մատնեց չեխական «Սպարտային»` այս անգամ ոչ թե 2:0, այլ 1:0 հաշվով: Ամստերդամում «Այաքսը» նվազագույն 2:1 հաշվով պարտության մատնեց Կիևի «Դինամոյին», սակայն դա բավարար էր խմբային մրցաշարի ուղեգիր վաստակելու համար, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Սկանդինավյան դերբիում դանիական «Կոպենհագենը» 1:0 հաշվով պարտության մատնեց «Ռուսենբորգին» և նույնպես հայտնվեց Լիգայի հիմնական փուլում:

Փլեյ-օֆ փուլի վերջին խաղային օրվա ամենամեծ անակնկալը գրանցվեց ֆրանսիական Օսերում, ուր տեղի համանուն ակումբը 2:0 հաշվով պարտության մատնեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»: Չեմպիոնների Լիգայի այս խաղարկությունից առաջ ռուսաստանյան ակումբի ղեկավարները միլիոններ էին ծախսել Բրունու Ալվիշին, Սերգեյ Սեմակին, Ալեքսանդր Բուխարովին թիմ հրավիրելու համար, սակայն այդ գումարները չօգնեցին «Զենիթին»  հաղթահարել «Օսերի» արգելքը: Ֆրանսիացիները յուրաքանչյուր խաղակեսում մեկական անգամ հաջողությամբ իրացրեցին անկյունայինը, իսկ երբ 2:0 հաշվի ժամանակ հեռացվեց նախ «Զենիթի» դարպսապահ Մալաֆեևը, իսկ այնուհետև պաշտպան Հուբոչանը, պարզ դարձավ, որ հյուրերը չեն փրկվի: Այսպիսով, Ֆրանսիան այս տարվա Լիգայում կունենա երեք ակումբ, ինչպես Գերմանիան, Իսպանիան և Իտալիան: Միակ երկիրը, որը չորս ակումբ է ներկայացնելու եվրոպական ուժեղագույն մրցաշարում` Անգլիան է:

Tekali Taxi