Գլխավոր / Армения / Եվրոպան Հայաստանին կոչ է անում ազատել քաղբանտարկյալներին

Եվրոպան Հայաստանին կոչ է անում ազատել քաղբանտարկյալներին

Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:

Կուսակցության նախագահ Էննեմի Նեյթս-Յութերբրոքի հայտարարության մեջ ասված է. «Հայաստանը, լինելով Եվրախորհրդի անդամ երկիր, պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ խոսքի ազատությունը և համոզմունքների ազատությունը Եվրախորհրդի հիմնարար արժեքներից են:

Քաղաքական դրդապատճառներով մարդկանց բանտում պահելը և նրանց արդար դատաքննության իրավունքից զրկելը հակասում է Եվրախորհրդի անդամ երկրների հիմնարար պարտականություններին եւ անկասկած կարող է խոչընդոտել Հայաստանի և Եվրամիության մերձեցման գործընթացը»:

Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցությանը հուլիսի 17-ին դիմել էր Հայոց համազգային շարժումը, որն այս տարվա մարտից անդամակցում է այդ եվրոպական կուսակցությանը:

«Մենք գրել ենք, որ եթե դուք ցանկանում եք, որ հայ հասարակությունը հավատա եվրոպական արժեքներին եւ ժողովրդավարության արժեքներին, ապա ձեր գործունեությամբ չպետք է հայ հասարակությանը հիասթափության մատնեք: Մենք եվրոպական երկրների շարքում ենք և պարտավոր ենք ապրել եվրոպական երկրների արժեքներով: Այսինքն` ինչքան դա մեր խնդիրն է, նույնքան էլ եվրոպական կառույցների խնդիրն է», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Tekali Taxi