Գլխավոր / Հայաստան / Պաշտպանության նախարարին առընթեր ՀԽ անդամը տեղյակ չէր բանակային սպանության մասին

Պաշտպանության նախարարին առընթեր ՀԽ անդամը տեղյակ չէր բանակային սպանության մասին

Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով epress.am-ի այն հարցին, թե ինչ չի արվում պաշտպանության նախարարության կողմից բանակում աղմկահարույց սպանություններին վերջ դնելու համար, մասնավորապես, ասել է.

«Խնդիրներ կան, որոնք առողջացնելու, լուծելու համար օբյեկտիվ  ժամանակ է հարկավոր: Մարդկային առումով մենք բոլորս ունեցանք վշտի զգացողություն: Հետևություններն արված են, կտրուկ արձագանք է տրվել: Բայց հարկավոր է ժամանակ, որպեսզի կադրային ճիշտ, գրագետ քաղաքականության միջոցով հետագայում բացառենք նման դեպքերը: Այն, ինչ արվում է` սկիզբը, շատ հուսադրող է, որովհետև իմ հիշողության մեջ չկա մի դեպք, երբ ինչ-որ գերատեսչության աշխատանքի թերացման պատճառով տասնյակ անձինք պաշտոնազրկվեն, և միայն նման սանկցիաներով չէ, որ խնդիրը լուծվելու է»:

Նա նաև նշել է, որ «չի կարելի ասել, ինչ չի արվել, կարևորը, որ հետևություններն արված են»:

Դավիթ Ջամալյանի պատասխանից հետո լրագրողները հիշեցրեցին բանախոսին, որ պաշտոնազրկումներից հետո սպանության ևս մեկ դեպք է գրանցվել:

Պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամը, պարզվում է, տեղյակ չէր օգոստոսի 17-ի սպանությունից, նա լրագրողներից ճշտեց դեպքի մանրամասները` հետաքրքրվելով, մասնավորապես, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել զորամասի տարածքում: Այնուհետև բանախոսը «հատուկ ընգծեց» լրագրողների դերը ստեղծված իրավիճակները շտկելու գործում:

«Պետք է հետամուտ լինել, որ այն անձինք, այն պաշտոնյաները, ովքեր թերացել են, և, ինչպես գիտենք, քրեական գործեր են հարուցվել… պետք է ողջ քննության ընթացքը վերահսկվի: Եթե մենք հիմա չբավարարենք հասարակության կողմից ակնկալվող արժանի պատիժը, ոչ միայն բանակի հանդեպ ենք հանրությանը հուսահատեցնում, այլև ամենաթողության մթնոլորտի վտանգ կա, որ կստեղծվի, եթե մեղավորները չպատժվեն: Ողբերգությունը կանխելու համար մեղավորները` այն պաշտոնյաները, որոնք թերացել են, պետք է իրենց արժանի պատիժը ստանան»:

Tekali Taxi