Գլխավոր / Հայաստան / Վրաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ միանալու մասին. Բաքուն առայժմ լռում է

Վրաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ միանալու մասին. Բաքուն առայժմ լռում է

Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պաշտոնական հայտարություն է արել, որով երկրի արտգործնախարարից պահանջում է պարզաբանել Ադրբեջանի հետ համադաշնային միություն ստեղծելու մասին տեղեկատվությունը: Կուսակցության հայտարարությանն են միացել Ադրբեջանի մի շարք հասարակական ու մշակութային գործիչներ: Պաշտոնական Բաքուն կոնֆեդերացիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել, գրում է Независимая газета-ն:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Բաթումում, ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է համադաշնության ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ «վրաց-ադրբեջանական հարաբերություններն ավելին են, քան ուղղակի ռազմավարական հարաբերություններ»:

Այս հայտարարությամբ Վրաստանի առաջնորդը ցանկանում էր ընդգծել Թբիլիսիի և Բաքվի սերտ հարաբերությունների փաստը և հաճոյանալ Ալիևին, կարծում էին փորձագետները: Բայց իր առաջարկության մասին Սահակաշվիլին խոսել է նաև կառավարության նիստի ժամանակ, իսկ օրեր առաջ Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանաձեն լրագրողներին հայտնել է, որ «գործնականորեն Վրաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ համադաշնություն կազմելու համար»:

«Այս նախաձեռնության ձևաչափը կախված է դիվանագետների բանակցություններից, սա դիվանագետների աշխատանքն է: Համադաշնության շրջանակներում մենք կկարողանանք որոշել մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունների հետագա ծրագրերը, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, հատկապես, երբ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները շատ արագ են զարգանում»,- ասել է Կալանաձեն:

Վրացի քաղաքագետ Փաաթա Զաքարեիշվիլին Սահակաշվիլիի առաջարկը բլեֆ է անվանել:

«Հուսով եմ, որ համադաշնության ստեղծման հայտարարությունը բլեֆ է: Ամեն դեպքում, նոր Սահմանադրությունում, որն այսօր քննարկվում է, դրա մասին չի նշվում: Իսկ եթե իշխանությունները լրջորեն մտածում են համադաշնություն ստեղծելու մասին, ապա Ադրբեջանի հետ ձևավորվող նոր հարաբերությունները վտանգավոր են Վրաստանի համար»:

Նրա խոսքերով` համադաշնություն ստեղծելու գաղափարն արդիական էր մի քանի տարի առաջ, սակայն այն ժամանակ դա անել չհաջողվեց:
 
«Հարավային Կովկասում պատմական համադաշնության համակարգը միշտ թելադրվել է Պարսկաստանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի կողմից: Այդպես հարմար էր, իսկ երբ արտաքին ազդեցությունը թուլանում էր, համադաշնությունը միանագամից փլուզվում էր` հասնելով մինչև նախկին անդամների հետ հարաբերություններ պարզելուն»:

Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` Սահակաշվիլիին նման հայտարարությանը դրդել է քաղաքական անկայուն իրավիճակը, այդ թվում` 2008 թվականի չհաջողված պատերազմն ու երկրի` անկում ապրող տնտեսությունը:

«Ի՞նչ համադաշնության մասին է խոսքը, երբ երկիրը տարածքային երկու խնդիր ունի` չհաշված ղարաբաղյան հարցը: Չնայած կարելի է փոքիկ համադաշնային կառույց ստեղծել, որը, սակայն, այսօրվա գլոբալիզացիայի փուլում մեծ դեր չի կարող ունենալ: Ո՞վ է հիմա հիշում Բենիլյուքսի համադաշնության մասին` Եվրախորհրդի գոյության պայմաններում», հայտարարել է Մուսաբեկովը: Քաղաքագետը չի բացառում նաև, որ համադաշնության գաղափարը դրսից է թելադրված:

Tekali Taxi