2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Յանդեքսում» նշված ջերմաստիճանը իրականությանը չի համապատասխանում. մասնագետ

Այս ամառվա ընթացքում օդի ջերմաստիճանը նորմայից տատանվել է1-3 աստիճանով, բացի այդ ունեցել ենք կարճ ամենաշոգ տասնօրյակը, երբ ջերմաստիճանը հասել է 39-40 աստիճանի: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Հայպետհիդրոմետ» ծառայության պետ Զարուհի Պետրոսյանը:

«Սա անբնական շոգ չէ մեր տարածաշրջանի համար», - նշել է Զարուհի Պետրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկա օրերին բարձր ջերմաստիճան չի գրանցվի: Ըստ Պետրոսյանի` այսօր օդի ջերմաստիճանը չի գերազանցի 35 աստիճանը, իսկ սեպտեմբերի 1-ին կամ 2-ին օդերևութաբանը չի բացառել անգամ 36 աստիճան զրոյից բարձր: Սակայն նա նշել է, որ մի շարք կայքերում, մասնավորապես «Յանդեքսում» նշված 39-40 աստիճանն իրականությանը չի համապատասխանում:

Պետրոսյանի խոսքով` սեպտեմբերի առաջին հնգօրյակում ջերմային բարձր խումբ չի կանխատեսվում, իսկ սեպտեմբերի 7-ից կնկատվի ջերմաստիճանի անկում: Առաջիկա օրերին կլինի առանց տեղումների եղանակ:

Պետրոսյանը նաև խոսել է գալիք աշնանը սպասվող եղանակից: Նա հայտնել է, որ աշնանը կլինի նորմալ ջերմաստիճան, իսկ տեղումները կլինեն նորմայից քիչ շեղումներով: