Home / Армения / Սահակաշվիլին մտադիր չէ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին

Սահակաշվիլին մտադիր չէ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ում պաշտոնավարության երկրորդ շրջանն ավարտվում է 2013 թվականին, կարծում է, որ Վրաստանին ուժեղ նախագահական համակարգ է անհրաժեշտ:

«Վրաստանը լուրջ մարտահրավերների առջև կանգնած պետություն է և ուժեղ առաջնորդի կարիք ունի»,- հայտարարել է նախագահը` մեկնաբանելով երկրի նոր Սահմանադրության նախագիծը:

Սահակաշվիլիի խոսքերով` ճգնաժամի պայմաններում առանց ուժեղ նախագահի կառավարելը շատ դժվար կլինի: «Սրանից ելնելով` ես չեմ կարող համաձայնել նախագահի լիազորությունները սահմանափակող առաջարկների հետ»:

Վրաստանի առաջնորդը նշել է նաև, որ նոր Սահմանադրության համաձայն` նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով, կառավարությունը ավելի հաճախ կարող է փոփոխվել, իսկ ուժեղ խորհրդարանը կառավարելու է կառավարությունը:

Ի դեպ, Սահակաշվիլին վստահեցրել է նաև, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Մտադիր չեմ հանրաքվե անցկացնել, որը հնարավորություն կընձեռեր ինձ երրորդ անգամ մասնակցել ընտրություններին», – Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում Грузия Online-ը:

Tekali Taxi