Home / Հայաստան / Նոյան տապան, թե՞ չպղծված բնություն. Արարատի գագաթի սառցադաշտը հալչում է

Նոյան տապան, թե՞ չպղծված բնություն. Արարատի գագաթի սառցադաշտը հալչում է

Արարատ լեռան գագաթին առկա սառցադաշտը տարեց տարի փոքրանում է: Հետազոտությունների արդյունքում նման եզրակացության են եկել թուրք գիտնականները, ովքեր նշում են, որ դա ուղղակիորեն կապված է բնակլիմայական պայմանների փոփոխության հետ:

«Մեր հետազոտությունների ժամանակ օգտագործել ենք արբանյակից արված պատկերները: 1976 թվականին Արարատի գագաթի սառցադաշտը 8 կմ տարածք էր զբաղեցնում, մինչդեռ 2008թ. դրությամբ այն կազմում էր 5,6 կմ», – թուրքական Hürriyet-ի հետ զրույցում պատմել է հետազոտող Ակիֆ Սարիկայան:

Սարիկայան իր հետազոտություններն իրականացրել է ԱՄՆ-ի Նեբրասկայի համալսարանում: Նա նշել է, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում օդի ջերմաստիճանն այդ հատվածում բարձրացել է 0.03 աստիճանով, իսկ անձրևների քանակը նվազել է:  Ըստ գիտնականի` հենց դրանք են սառցահատվածի փոքրանալու հիմանկան պատճառները:

Կլիմայական պայմանների փոփոխության պատճառով Արարատի գագաթին առկա սառույցը հալչում է, իսկ հալոցքաջրերը խառնվում են լեռնային գետակների հետ:
Սարիկայան նշում է, որ նման իրավիճակը կարող է Արարատին ստորոտների սողանքի պատճառ հանդիսանալ:

«Այդպիսի մի դեպք գրանցվել է 1840 թ. երկրաշարժից հետո, երբ սառցադաշտի մի մեծ հատված պոկվել է և վնասել է լեռան ստորոտին գտնվող եկեղեցին: Հնարավոր է նման արդյունք և այժմ լինի, թեև ճակատագրական ոչինչ չի սպասվում», – ասել է գիտնականը:
Hürriyet-ի լրագրողի հետ զրույցում Սարիկայան կարծիք է հայտնել, որ սառցադաշտի հալչելը կօգնի պարզել` արդյոք Արարատի գագաթին է գտնվում Նոյան տապանը:

«Արարատ լեռը պատմական կարևորություն ունի: Համաձյան լեգենդի` Նոյան տապանը հանգրվանել է հենց այս լեռան գագաթին: Սառցադաշտի հալչելու հետ դա կարող է բացահայտվել», – ասել է Սարիկայան:

Մինչ Սարիկայան մտածում է Նոյան տապանի մասին, Արարատի գագաթի սառցադաշտի հալչելը լուրջ խնդիր է դարձել բնապահպանների համար:

Դողա (Բնություն) կազմակերպության ղեկավար Գյուվեն Էկենը նշում է, որ մարդիկ պարտավոր են փոխել իրենց ապրելակերպը, այլապես բնապահպանական խնդիրները ավելի ցայտուն են դառնալու, մասնավորապես, նշելով Արարատ լեռան դեպքը:

Թուրքիայի լեռնագնացների ֆեդերացիայի նախագահ Ալաթին Կարաչան Արարատ է այցելել այս տարվա օգոստոսի 30-ին: Նա այժմ ահազանգում է ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ հատկապես արագ է հալչում սառցադաշտի այն հատվածը, որը գտնվում է 4,500 մետրի և 5,137 մետրի միջև ընկած հատվածում: Կարաչան այս մասին տեղեկացրել է իշխանություններին, և այժմ փորձում է խնդրին հնչեղություն հաղորդել:

Tekali Taxi