Մեդվեդևի այցը Բաքու սկզբունքային հարցերում հստակեցում չմտցրեց
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Բաքու կատարած այցը սկզբունքային հարցերում պարզություն չմտցրեց, կարծում է «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար, ադրբեջանցի փորձագետ Էլհան Շահինօղլուն:
Նրա խոսքերով` բաց է մնացել Գաբալայի կայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հարցը, որի ժամկետը լրանում է 2012 թվականին:
Փորձագետը նշել է նաև, որ այս հարցն արդիական է դարձել Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին ստորագրված համաձայնագրից հետո:
«Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ-ում շատ է խոսվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300-ի տրամադրման հավանականության մասին: Այնուամենայնիվ, հանրությանը որևէ տեղեկատվություն չի հաղորդվել նախագահների կողմից այս խնդրի քննարկման մասին: Սա միայն նվազեցնում է С-300-ի տրամադրման հավանականությունը»,- փորձագետի խոսքերն է մեջբերում «Народный фронт»-ը: